Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական խնդիրների «համապետական» մակարդակը

Սեպտեմբեր 23,2015 12:00

Անհրաժեշտ են նոր քաղաքական ավանդույթներ

Հիմնավորելով, թե ինչու է պետք «ոչ» ասել նոր Սահմանադրության նախագծին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, վկայակոչելով «հայտնի պետական-քաղաքական գործչին», կարծիք է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վախենում է նոր Սերժ Սարգսյանից։ Դիվանագիտական լեզվից պարզ հայերենի թարգմանած, դա նշանակում է՝ ներկայիս նախագահը վախենում է երկրորդ նախագահից։ Շատ բնական կարծիք է՝ վերջինիս ժամանակ արտգործնախարար աշխատած գործչի հանար։

Նույն «ոչի ճակատը», որին, ըստ երեւույթին, ոչ պաշտոնապես անդամակցում է պարոն Օսկանյանը, ժամանակ առ ժամանակ նշում է, որ իշխանությունը փորձում է սարսափեցնել հասարակությանը «Քոչարյանի վերադարձով», բայց մյուս կողմից՝ «ճակատի» մի մասն ակնարկում է, որ Սահմանադրությունն ուզում են փոխել երկրորդ նախագահի՝ դեպի «գահը» տանող ճանապարհը փակելու համար։ Հետեւաբար անուղղակիորեն հաստատվում է հենց այն մոտիվացիան, որը վերագրվում է նաեւ իշխանությանը, սակայն, այսպես ասած՝ «մինուսի նշանով»։ Այսինքն՝ «դուք ուզում եք Սահմանադրությունը փոխել, որպեսզի մնաք իշխանության, իսկ մենք ուզում ենք, որ Սահմանադրությունը չփոխվի, որպեսզի գանք իշխանության»։

Գուցե երկուսն էլ ճիշտ են։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ ինձ մարդկանց անձնական մտադրությունները չեն հետաքրքրում՝ նաեւ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա երկու շաբաթից, ոչ թե երկուսուկես տարուց։ Եվ ընդհանրապես, ինչպես ասում են՝ ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր քո պլանների մասին։

Այստեղ կա մեկ այլ խնդիր՝ խոսքը իշխանության շարունակականության եւ պետական ավանդույթների մասին է։ Երբ 1998-ին փոխվեց նախագահը, մի քանի ամիս նոր իշխանությունը փորձում էր պահպանել պետական էթիկայի նորմերը, եւ վայրագ հարձակումները «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա հատուկենտ էին։ Բայց հետո սկսվեց իսկական «վհուկների որս»՝ ամբողջ պետական մեքենայի մասնակցությամբ։ Երբ նախագահը փոխվեց 2008 թվականին, առաջին մեկ-երկու տարին դարձյալ «նախկինների» եւ «ներկաների» հարաբերությունները նորմալ էին, բայց հետո երկրորդ նախագահը, հավանաբար, նեղվեց, որ իր մոտեցումների հետ հաշվի չեն նստում, եւ ԲՀԿ-ի ու ավելի մանր կուսակցությունների եւ գործիչների միջոցով սկսեց բավականին կոշտ հարձակումներ գործել ներկայիս իշխանության վրա։

Հիմա Ռոբերտ Քոչարյանը իր արտգործնախարարի շուրթերով ենթադրություն է հայտնում, որ գուցե Սերժ Սարգսյանն էլ է վախենում, որ իշխանությունից հեռանալուց հետո իր հետ հաշվի չեն նստի, եւ նոր նախագահն իրեն կպահի այնպես, ինչպես ներկայիս նախագահն իր՝ Քոչարյանի հանդեպ։

Ահա թե ինչու եմ ես խոսում պետական ավանդույթների մասին։

Առաջին դեմքերը թե՛ պաշտոնավարության ժամանակ եւ թե՛ դրանից հետո պետք է ցուցադրեն լայնախոհության եւ հանդուրժողականության օրինակ իշխանական համակարգի եւ, ինչու չէ, ողջ հասարակության հանար։ Իշխանությունը կորցնելուց հետո նրանք չպիտի նեղվեն, որ իրենց չեն լսում, բանի տեղ չեն դնում եւ այլն։ Բայց մյուս կողմից՝ գործող նախագահը կամ, եթե Սահմանադրությունը փոխվի, վարչապետը պիտի ունենա նախորդ նախագահների հետ խորհրդակցելու գործուն մեխանիզմ (կարեւոր չէ, թե ինչպես է այն կոչվելու)։ Այդ մարդկանց անձնական հավակնություններից, նրանց միջեւ առաջացած խնդիրներից չպիտի տուժի պետությունը։

…Քանի որ մեր քաղաքականության մեջ ընդունված է, այսպես ասած, «սուրճի բաժակ նայել», ես էլ իմ լուման ներդնեմ այդ «բախտագուշակությանը»։ …2020 թվական։ Վարչապետ Արմեն Աշոտյանի մոտ գալիս է առողջապահության նախարար Կարեն Ավագյանը եւ ասում. «Քեռուս տղուն ուզում եմ մի լավ պաշտոնի դնեմ, որ էդ մարդն էլ մի երկու կոպեկ փող աշխատի։ Բայց շեֆը, կարծես թե, դեմ ա»։ Աշոտյան. «Հարց չկա, դուխով առաջ գնա»։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930