Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ մանկական աուտիզմ

Սեպտեմբեր 23,2015 11:30

«Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու եւ զգալու իրենց սեփական ձեւը, եւ չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով»,-ասել է ֆրանսիացի փիլիսոփա եւ գրող Ժան Ժակ Ռուսոն: Երեխաներն աշխարհը ճանաչում, զարգանում ու աճում են տարբեր մարդկանց հետ շփվելով: Երեխան ժպտում, ծիծաղում, տխրում կամ զարմանում է տարբեր երեւույթների հետ առնչվելիս, այլ կերպ ասած՝ նա որեւէ կերպ արձագանքում է շրջակա աշխարհին, սակայն ոչ բոլոր երեխաներն են ունակ սպասված արձագանքը տալ: Նման երեխաները խնդիրներ են ունենում շփման մեջ, անտարբերություն են ցուցաբերում շրջապատի կամ այլ մարդկանց նկատմամբ: Այս առանձնահատկությունները բնորոշ են «աուտիզմ» կոչվող զարգացման խանգարումներն ունեցող երեխաներին, որոնց ոչ թե պետք է անմտորեն ստիպել տեսնել կամ զգալ աշխարհը մեզ նման, այլ կրթական ծրագրերով եւ շտկողազարգացնող աշխատանքներով հնարավորինս մոտեցնել մեզ:

Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ հրատարակության՝ վաղ մանկական աուտիզմը դիտվում է զարգացման ընդհանուր խանգարում, որը դրսեւորվում է մինչեւ երեք տարեկանը: Տղաների մոտ խանգարումը զարգանում է 3-4 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ: Վաղ մանկական աուտիզմը՝ որպես զարգացման խանգարում, ենթադրում է հոգեկանի բոլոր ոլորտներում (պահանջմունքային, իմացական, հուզական եւ վարքային) փոփոխություններ: Այդ փոփոխությունները յուրաքանչյուր տարիքային խմբերում կարող են դիտվել արտահայտման տարբեր աստիճաններով: Սակայն աուտիզմ ունեցող երեխան, դեռահասը, մեծահասակը ունեն սոցիալական ադապտացիայի եւ միջանձնային հարաբերություններ ձեւավորելու դժվարություններ:
Վաղ մանկական աուտիզմ ունեցող երեխաները շրջապատող միջավայրը ընկալում են որակապես այլ ձեւով: Նրանք ապրում են հատուկ աշխարհում, որտեղ ամեն ինչ անփոփոխ է եւ փակ՝ բոլորի համար: Այն ամենը, ինչը գտնվում է այդ աշխարհից դուրս, նրանց մոտ առաջացնում է անհաղթահարելի վախ եւ մերժում: Այդ աշխարհ թափանցելու ցանկացած փորձ առաջացնում է դիմադրություն:

Աուտիզմի առաջին ախտանշանները դրսեւորվում են մանկիկության տարիքում: Երեխան հանգիստ է, անտարբեր է շրջապատի նկատմամբ, վատ է տարբերակում մորը շրջապատից, չի ժպտում, իսկ երբեմն եթե հայտնվում է ժպիտ, ապա այն հասցեագրված չէ: Երեխայի հայացքը ուղղված է տարածությանը, նա չի արձագանքում կամ թույլ է արձագանքում մարդկանց ձայներին:

Վաղ մանկական աուտիզմի պատճառագիտության հարցում միասնական կարծիք դեռեւս չկա: Սակայն կան մի քանի տեսություններ, որոնք ներկայացնում են աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները: Աուտիզմի առաջացման հոգեծին տեսությունը պնդում է, որ աուտիզմն առաջանում է երեխայի նկատմամբ սոցիալական միջավայրի սառը եւ թշնամական վերաբերմունքից: Սակայն այս տեսությունը չի բացատրում, թե ինչու է ընտանիքի մյուս երեխաների զարգացումը ընթանում նորմալ:

Ներկայումս ավելի մեծ տարածում ունի կենսաբանական մոտեցումը, համաձայն որի, աուտիզմը դիտվում է որպես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման կամ դիսֆունկցիայի արդյունք: Ուղեղի օրգանական ախտահարում կարող է առաջանալ տարբեր գործոններից. գենետիկական ախտաբանություն, կենտրոնական նյարդային համակարգի նախածննդյան, ծննդյան եւ հետծննդյան ախտահարումներ, վիրուսային ինֆեկցիաներ, ուղեղի ֆունկցիոնալ կամ կառուցվածքային խանգարումներ եւ այլն:
Ըստ Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տվյալների՝ 2014 թվականի ընթացքում 3979 երեխայի մոտ գնահատվել է կրթական կարիք, սակայն չկան վիճակագրական տվյալներ, որոնք ցույց կտային, թե այդ երեխաներից քանիսի մոտ է կրթական կարիքը գնահատվել՝ ելնելով վաղ մանկական աուտիզմի ախտորոշումից:
Եվ թեպետ աուտիզմը վերջնականապես չի շտկվում, այնուամենայնիվ, ժամանակին եւ ճիշտ իրականացվող աշխատանքները կարող են դրական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930