Լրահոս
Օրվա լրահոսը

Խոլեցիստիտների եւ լեղաքարային հիվանդությունների դեպքում օգտագործել երիկամային թեյ

Սեպտեմբեր 23,2015 11:00

Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող օրտոսիֆոն անէջայինը, որին անվանում են նաեւ երիկամային թեյ, պարունակում է գլիկոզիդներ, դաբաղող նյութեր, սապոնիններ, ճարպայուղեր, եթերայուղեր, օրգանական թթուներ, մեծ քանակությամբ կալիումական աղեր։

Բուժական ազդեցությամբ բույսն ունի խիստ արտահայտված միզամուղ հատկություն։ Այն միաժամանակ օրգանիզմից հեռացնում է միզանյութը, միզաթթուն եւ քլորիդները։ Ազդելով հարթ մկանների վրա՝ վերացնում է կծկանքը, ակտիվացնում ստամոքսի լորձաթաղանթի հյութազատությունը եւ բարձրացնում ազատ քլորաջրածնային թթվի պարունակությունը։
Կիրառվում է երիկամների սուր եւ քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Օգտակար է հատկապես այն դեպքում, երբ նշված հիվանդությունները ընթանում են այտուցներով, ալբումինուրիայով (սպիտակուցի առկայությունը մեզի մեջ), ազոտեմիայով (ազոտի առկայությունն արյան մեջ), միզաքարերի գոյացումով։ Բույսն օգտակար է նաեւ ցիստիտների, պոդագրայի, շաքարախտի, լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտների, այտուցներով ուղեկցվող սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Խոլեցիստիտների եւ լեղաքարային հիվանդությունների դեպքում, երբ օգտագործվում է երիկամային թեյը, վերանում են ցավերը, լավանում է ախորժակը, նվազում լորձի եւ արյան սպիտակ գնդիկների քանակը լեղու մեջ։ Բույսն օգտակար է նաեւ հիպերտոնիկ հիվանդության եւ ուղեղի անոթների սկլերոզի ժամանակ։

Կիրառման եղանակներից է. 7-10 գրամ հումքը (2 ճաշի գդալ) լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ եռման ջուր, փակել կափարիչով եւ 15 րոպե եռացնել ջրային բաղնիքում, որից հետո քամել, մնացորդային հումքը մզել եւ թափել, իսկ ջրաթուրմի ծավալը հասցնել 200 միլիգրամի` ավելացնելով համապատասխան քանակի եռացրած ջուր։ Խմել 1/2 – 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ՝ ուտելուց առաջ: Եթե բույսը կիրառվում է խոլեցիստիտների բուժման համար, այն խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց հետո։
Ջրաթուրմի պատրաստումը այլ եղանակով. 1 ճաշի գդալ հումքը 5 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, որից հետո թրմել եւ պահել տաք տեղում 4 ժամ։ Խմել գոլ վիճակում 1/2 բաժակ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ:

Այս դեղաբույսով բուժումը երկարատեւ է, 6 ամիս։ Յուրաքանչյուր ամիսը մեկ 4-6 օր տեւողությամբ ընդմիջում տալ եւ կրկին շարունակել:

Երիկամային թեյը շատ արժեքավոր դեղաբույս է։ Այն ներառվելով մի շարք հավաքների մեջ՝ բարձրացնում է դրանց բուժական ազդեցությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930