«Սահմանադրության հայեցակարգը ավելի խոստումնալից էր, քան ներկայացված տեքստը»
Այսօր երեկոյան Ամերիկյան համալսարանի հումանիտար եւ սոցիալական գիտությունների ֆակուլտետը կազմակերպել էր քննարկում` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը վարում էին համալսարանի դասախոսներից Ջեննի Պատուրյանը եւ սահմանադրական իրավունքի մասնագետ Գաբրիել Բալայանը:
Մեր հարցին, թե որքանով էին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները, պարոն Բալայանը պատասխանեց. «Ես չեմ ասի, որ մենք անհրաժեշտություն չունենք փոխելու սահմանադրությունը, պարզապես շատ հարցեր կան, որ հույս ունեմ, թե վերջնական տեսքում շատ ավելի լավը կլինեն, քան ներկայացվածն է»:
Քննարկման նպատակը ուսանողությանը եւ դասախոսական կազմին ներկայացնելն է, թե հիմնականում ինչ փոփոխություններ են ակնկալվում: Թեեւ գրեթե չխոսվեց փոփոխությունների լավ եւ վատ կողմերի, ընդհանրապես՝ փոփոխությունների էության մասին, ինչպես նաեւ չտրվեց այն հարցի պատասխանը, թե ի՞նչ կարելի է ընդհանրապես ակնկալել սահմանադրության նոր նախագիծը ընդունվելու պարագայում:
Կարդացեք նաև
Կազմակերպիչները, ըստ պարոն Բալայանի, խնդիր էին դրել, որպեսզի քննարկումը լինի միայն տեղեկատվական բնույթի: «Քննարկվեց, թե որ տիպի երկրներում են ավելի լավ ապրում` պառլամենտական, թե նախագահական կառավարման: Համեմատական որոշակի վերլուծության արդյունքում ասվեց, որ պառլամենտական երկրներում ավելի լավ են ապրում»,-նշեց պարոն Բալայանը:
Նա, համեմատական անցկացնելով` նշեց, որ հայեցակարգն ավելի խոստումնալից էր, քան ներկայացված տեքստը, բայց հույս ունի, որ մինչեւ հանրաքվեի դրվելը նախագիծը էլի որոշակի լրամշակման կենթարկվի:
Խոսելով ընդդիմության կարծիքների վերաբերյալ՝ պարոն Բալայանն ասաց, որ ամենաշատն արծարծվող տեսակետն այն է, որ փոփոխությունը արվում է իշխանության վերարտադրության համար: Այս կարծիքը Գաբրիել Բալայանը ընդհանրապես լուրջ չի ընդունում, քանի որ, ըստ նրա, որեւիցե խնդիր չկա մի բառ փոխելու եւ նորից նախագահ ընտրվելու համար:
«Անվտանգության հետ դեռ շատ խնդիրներ կան, օրինակ` ո՞վ է խաղաղ պայմաններում լինում Զինված ուժերի գլխավոր հրամանատարը, ի՞նչ դեր է կատարելու Անվտանգության խորհուրդը ռազմական դրության, պատերազմի ժամանակ, ովքե՞ր են լինելու Անվտանգության խորհրդի անդամները ի պաշտոնե, ի՞նչ լիազորություններով են օժտված լինելու եւ այլն: Չմոռանանք, որ նույն Սովետական Միությունում նախագահի պաշտոնը ստեղծվել էր հենց դիմագրավելու համար այդ անվտանգության մարտահրավերները, որոնք առկա էին»,-նշեց պարոն Բալայանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ