Ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» հայտնի վեպի թուրքերեն թարգմանության հրատարակությունը կիսատ է մնացել: Այս մասին Aravot.am-ին ասաց հեղինակը, ով մասնակցում է այսօր Երեւանում մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնին: Պատճառն այն է, որ գրքի թուրք հրատարակիչը ստիպված փախել է Թուրքիայից՝ հետապնդումներից խուսափելու համար: «Անունը չեմ կարող ասել, խոստացել եմ գաղտնի պահել: Նա խնդրեց, որ մեր պայմանագիրը եւս գաղտնի մնա, մինչեւ գիրքը լույս կտեսնի: Ցավոք, հրատարակել չստացվեց»,-ասաց Վարուժան Ոսկանյանը:
Նա տեղեկացրեց, որ Թուրքիայում գրքի շնորհանդես չի կազմակերպվել. «Հարաբերություններս Թուրքիայի իշխանությունների հետ քիչ մը նուրբ են»,-ակնարկեց հեղինակը:
Հայոց ցեղասպանության արհավիրքների մասին փաստերով պատմող «Շշուկների մատյանն» արդեն թարգմանվել է 16 լեզուներով եւ ներկայացվել մոտ 50 երկրում, մեծ ճանաչման եւ գնահատանքի արժանացել. «Գերմանիայում թուրքական համայնքի որոշ ներկայացուցիչներ, կարդալով այն, ասացին, որ թուրքական կառավարությունը Հայոց ցեղասպանությունը չճանաչելով՝ մեծ սխալ է գործում: Նրանք կարծում են, որ Թուրքիայի կառավարությունն այսօր քրդերի հետ կարող է անել այն, ինչ արեց հայերի հետ՝100 տարի առաջ»,-ասաց Վարուժան Ոսկանյանը:
Հավելենք, որ ընթերցողները «Գրական տապան» փառատոնի ընթացքում եւս հնարավորություն կունենան ծանոթանալու հանրահայտ «Շշուկների մատյան»-ին: Վարուժան Ոսկանյանը տեղեկացրեց նաեւ, որ գրքի մի քանի գլուխներ թարգմանվել են ռուսերեն եւ ուկրաիներեն, իսկ շուտով լույս կտեսնի պարսկերեն թարգմանությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ