ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԱԺ-ում խոսելով 1995-ի կեղծիքով պարտադրված Սահմանադրության մասին, ասաց, որ նրանք, ովքեր այն ժամանակ դա արեցին, հիմա սեւերի ու սպիտակների են բաժանում ամեն ինչ: Նա դիմեց ընդդիմությանը, ասաց. «Այս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարեք, դուք, որ այդ ավանդությամբ ընդունեցիք Սահմանադրությունը: Լավագույնս ձեր հորդորները կատարում են: Ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք մի հատ դարակազմիկ եզրույթ ունեիք, որ պոլի փետ լինի՝ ՀՀՇ լինի: Այս մարդիկ կատարելության են հասցրել դա: Սա ենթադրում է, որ ինչքան հանցագործ, ժուլիկ լինի՝ խցկվի իշխանություն: Հիմա անում են, ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»: Նա վստահեցրեց, որ այս 25 տարվա ընթացքում իշխանությունների արժեքային համակարգը երբեք չի փոխվել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մեր հարցին՝ համաձա՞յն եք Ռուբեն Հակոբյանի հետ, իշխանությունների արժեհամակարգը չի՞ փոխվել եւ դուք շարունակո՞ւմ եք ՀՀՇ-ի թողած ավանդույթները, պատասխանեց. «Անկախության այս 24 տարիներին ամենակարեւորը իշխանական համակարգի փոփոխությունը չէր: Մենք կարողացանք ամրապնդել մեր հոգեբանությունը, թե ինչ է անկախությունը, եւ անկախության պտուղներն ինչպիսին պիտի լինեն: Մեր գլխավոր ձեռքբերումը այս տարիներին սերունդն է, որն այսօր սահմաններն է պաշտպանում: Այսօրվա սերունդը ավելի վճռական, ավելի տոկուն է եւ ոչ թե քարոզչության կամ եղած երեւույթների հետեւանքով է ամրանում, այլ ինքը ամրացած կարողանում է հասակ առնել ու ամրապնդել մեր երկիրը»:
Ինչ վերաբերում է «ՀՀԿ լինի՝ պոլի փետ լինի» կարգախոսին՝ Գալուստ Սահակյանն այսպիսի պատասխան տվեց. «Տարիներն այնպիսին են, որ չի կարելի նման ենթատեքստով խոսել, որովհետեւ անկախ նրանից, թե ինչպիսի գնահատականներ կլինեն, տարիները փոխում են, դեպի առաջ են տանում եւ ավելի համակարգված է: Այլ բան է, որ խոսենք, որ դեռեւս մեծ բարեփոխումների կարիք ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ