Ճարտարապետների միությունում այսօր բացվեց քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հայտնի քանդակագործի բոլոր գործերը չեն ցուցադրված, քանի որ դրանց մի մասը պահվում է ԱՊՀ երկրների պատկերասրահներում, մասնավորապես՝ Մոսկվայի «Տրետյակովյան» պատկերասրահում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
«Ազնավուր» կոչվող աշխատանքն էլ գտնվում է երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում, իսկ 2001թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է Շախիկյանի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը:
«Մտքիս ինչ գալիս է՝ այն եմ կերտում: Ինձ ոգեշնչում է ընտանիքս: Անկեղծ ասած՝ գիշերներն եմ մտորում նոր ստեղծագործության մասին եւ առավոտյան սկսում քանդակել այն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շախիկյանը:
Ներկայացնելով բրոնզաձույլ քանդակները՝ նա նշեց, որ իր առաջին գործը 1987թ. ստեղծված «Մրցումից առաջ» քանդակն է, որը ցուցադրվում է Ռուսաստանի Բելորեցկ քաղաքի պատկերասրահում. «Վերջին աշխատանքներս են «Դալին» եւ «Ծնունդը»: Ի դեպ, քաղաքականությունից հեռու եմ, դրա համար այդպիսի գործ չեք տեսնի»,-ասաց քանդակագործը:
Կարդացեք նաև
Արվեստասերներին առավել ծանոթ են Շախիկյանի հեղինակած՝ Կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող «Հայկական դրամի հուշարձանը» և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված «Նարդի խաղացողի քանդակը» գործերը:
Ցուցահանդեսը, որը կտեւի 3 օր, կազմակերպվել է հեղինակի հոբելյանի առթիվ: Անկախության որը Էդուարդ Շախիկյանը դարձավ 65 տարեկան: