Լեւոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչու են իրականում «զիջումների» գնացել եւ փոխել Սահմանադրության նախագիծը:
ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց. «ՀԱԿ-ի ղեկավարի ելույթում կարմիր թելի նման անցնում էր այն գիծը, որ ԱԺ նախագահը անփոփոխ է, նրան ենթարկվելու է ամեն ինչ, պետական իշխանության բոլոր մարմինները: Այն դրույթը, ըստ որի ԱԺ նախագահն ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով, այդ դրույթը մենք հանում ենք: ԱԺ նախագահն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունն ԱԺ-ում: Հիմա մտածեք, թե ինչ թեզեր պետք է հորինվի, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ ԱԺ նախագահն է ղեկավարելու երկիրը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում դեմագոգ անվանեց Վարդան Պողոսյանին. «Այդ մարդը, ում, ինչպես ես ասացի նիստի ժամանակ, այսուհետեւ ճանաչելու եմ որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, իսկապես ցույց տվեց, թե ինչքան փայլուն է տիրապետում դեմագոգիայի հնարքներին: Եվ իր ելույթով նա դեմագոգիայի եւս մի ռեկորդ խփեց: Նախ, իմ ելույթում կարմիր թելով չի անցնում այն դրույթը, թե իբր ԱԺ նախագահին չի կարելի հեռացնել: Դա ընդամենը մեկ էլեմենտ է, որով նախագահի ինստիտուտը ուժեղացնում են եւ թուլացնում են վարչապետի ու նախագահի ֆիգուրները: Մենք հուլիսի 23-ի մեր հայտարարության մեջ մոտ 10 կետ ենք գրել, որոնք իրականացնելով՝ այդ արդյունքն են ստանում: Հիմա այդ 10 կետից իրենք ընդամենը մի կետում փոփոխություն են արել: Ընդ որում, սա չի կարելի համարել պատասխան մեր առաջարկին, որովհետեւ մեր կողմից առաջարկ չի եղել: Հասկանալով, թե ինչ կեղտոտ գործով են նրանք զբաղված, ի սկզբանե մենք մերժել ենք ամբողջ գործընթացը եւ չենք պատրաստվում որեւէ առաջարկ անել: Իրենք մեր կողմից որեւէ առաջարկ չեն ստացել, որ մի հատ էլ ընդունեին: Իրենք ուղղակի մի հարցում, ըստ իրենց, գնացել են ընդառաջ ընդդիմության քննադատությանը: Բայց ես հիմա կապացուցեմ, որ հենց այդ հարցում ընդառաջ գնալն ավելի է ուժեղացնում մեր կասկածները: Մնացած որեւէ խնդրով ոչ մի փոփոխություն չեն արել»:
Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու են հենց ա՛յդ կետը փոխել. «Բանն այն է, որ իրենք հայտնաբերել են, որ այդ թեզը, ըստ որի ԱԺ նախագահը 5 տարով է ընտրվում եւ պետք է ամբողջ ժամկետով մնա, չնայած հատուկ ընտրել էին՝ Սերժ Սարգսյանի ապագա դիրքերը հզորացնելու նպատակով, բայց այն շատ մեծ ռիսկ է պարունակում Սերժ Սարգսյանի պլանի համար: 2017-ի ընտրություններին պետք է ընտրվի ԱԺ նախագահ մեկ այլ մարդ, օրինակ՝ Գալուստ Սահակյանը: Պատկերացրեք այն պահը, երբ համաձայն իրենց պլանի, 2018-ի ապրիլի 9-ին, երբ սպառվեն Սերժ Սարգսյանի նախագահի լիազորությունները, եւ նա ցանկանա իր իշխանությունը վերարտադրել արդեն ԱԺ նախագահի կարգավիճակով, Գալուստ Սահակյանի գլխում միտք է առաջանում, որ ինքը չի ցանկանում հրաժարական տալ: Քանի որ գործելու է Սահմանադրության այդ կետը, ոչ մի մեխանիզմ չկար նրան հեռացնելու: Վարչապետը եւ ԱԺ նախագահը կարող էին միասին ալյանս ստեղծել, ու հենց այն պահին, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը մոտենար ավարտին, միասնաբար մերժեին նրա վերարտադրվելու իրավունքը: Այս ռիսկից փախչելու նպատակով էլ նրանք գնացել են այս կետի վերանայմանը: Սա ապացուցում է մեր կասկածները, որ իրական պլանը հենց դա է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նույն խոսակցուէյուններն են ինչ 1995 է. ՀՀՇ-ի սահմանադրության վերաբերյալ՝հակաժողովրդավարական է,իշխանությունը վերարտադրելու համար է,ժամանակավրեպ է….և այլն,և այլն:Քաղաքական գործիչներին թվում է թե ժողովուրդը հիշողություն չունի և մոռացել է թե ով ինչ է ասել այն ժամանակ:
Թեկուզ միայն տեղական ինքնակառավարման ներկայիս վիճակից ազատվելու համար արժեր նոր սահմանադրություն ընդունել:Չկա նորմալ տեղական ինքնակառավարում,չի լինի նորմալ երկիր:Երկրի բնակչության 50 տոկոսից ավելին ճորտի վիճակում է՝կախված մարզային իշխանիկների քմահաճույքներից: