«Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես մեր ամերիկացի համանախագահը, հակամարտության երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ միավորելով, ավելացրել են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- այս հայտարարությունն, ըստ «Apa»-ի, արել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նա նշել է, որ Ադրբեջան գալուց հետո շատ լավ ծանոթացել է այդ երկրի վերջին 25 տարվա պատմությանը. «Մասնավորապես ես տեղեկացա Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա հետեւանքների մասին: Ես եղել եմ բռնի տեղահանվածների համար նախատեսված շենքերում եւ բնակարաններում, հանդիպել եմ նրանց ընտանիքների հետ»:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն ասել է նաեւ, որ իր համար հետաքրքիր են հակամարտության պատճառով իրենց հայրենի հողերից հեռացած, երկար ժամանակ իրենց տներից հեռու ապրող մարդկանց կարծիքները:
Ռոբերտ Սեկուտան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ ընդգծել. «Պետք է եւս մի բան իմանալ. Մինսկի խումբը կողմերին նույն վայրում է հավաքում, սակայն հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքները պետք է կատարեն երկու երկրների ղեկավարները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ