Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների ասպարեզում ունեցած նրա ներդրումը և երախտագիտություն հայտնեց պաշտոնավարման ընթացքում իրանահայության հետ նախարարության իրականացրած համայնքային ծրագրերին և այլ ձեռնարկներին աջակցելու համար:
«Ուրախ և երախտապարտ եմ արդյունավետ համագործակցության և այն անկեղծ վերաբերմունքի համար, որ ցուցաբերել եք Դուք Հայաստանի և հայության հանդեպ, – նշեց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ևս նա իր իմացություններով կնպաստի հայ-իրանական կապերի զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ խոսքերի և գնահատանքի համար՝ դեսպան Մուհամմադ Ռեիսին ասաց, որ մեծ հարգանք ու սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ և ուրախ է, որ մի քանի տարի հնարավորություն է ունեցել ծառայել երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման գործին: Նա շեշտեց, որ ավելի քան լավատես է իրանահայկական հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ այն ունի մեծ ներուժ և հիմնված է դարերի փորձառության վրա:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց այն հանգամանքը, որ այս դժվար տարածաշրջանում Իրանը և Հայաստանը պահպանում են բարիդրացիական անկեղծ հարաբերություններ, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանի խաղաղությանն և կայունությանը:
ՀՀ սփյուռքի նախարարություն