Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 10-ին, ժամը 01-ից 02-ի սահմաններում իր ընկեր Վարդան Սարդարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Իջեւան քաղաքի Թավրիզյան եւ Չարենցի փողոցների խաչմերուկում հանդիպելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հասարակական կարգի պահպանության գիշերային ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Աշոտ Աղաբեկյանին եւ նույն բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ոստիկան Ռուբեն Աղասարյանին՝ վերջիններիս կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել է նրանց հետ, այնուհետեւ Ա. Աղաբեկյանի կողմից ոստիկանության Իջեւանի բաժնի հերթապահ մաս զանգահարելու եւ լրացուցիչ ուժեր կանչելու կապակցությամբ, շարունակելով վիճաբանությունը, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել Ա. Աղաբեկյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է վերջինիս աջ աչքին, գլխի եւ մարմնի տարբեր մասերին եւ վերջինիս առողջությանը պատճառել է կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս:
Իջեւան քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1984թ. ծնված Վարդան Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերը նշված հանգամանքներում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Ա. Աղաբեկյանի նկատմամբ՝ հարվածել է վերջինիս գլխի եւ մարմնի տարբեր մասերին:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Կ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ,Վ. Սարդարյանին՝ նույն հոդվածի 1-ին մասով: Լոռու կայազորի զինվորական դատախազությունը դատարանին միջնորդել է Կ. Ղազարյանին եւ Վ. Սարդարյանին կալանավորելու որոշում կայացնել, սակայն դատարանը նրանց նկատմամբ , որպես խափանման միջոց, ընտրել է գրավը: Զինվորական դատախազությունը խափանման միջոցի կապակցությամբ դիմել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի սեպտեմբերի 25-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ