Սիրահարների այգում մեկնարկեց «Գրական Տապան» ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի հանդես է գալիս «Խոսքը՝ հանուն կյանքի» կարգախոսի ներքո: Մասնակցում է 20 գրող՝ 18 երկրից: Նրանք կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր, կմասնակցեն շնորհանդեսների եւ կհանդիպեն ուսանողների հետ:
Փառատոնի պատվավոր հյուր, ռումինահայ անվանի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնը լավ միջոց է հայ գրողների ճանաչման համար. «Դժբախտաբար, հայ գրականությունը եւ Հայաստանը լավ ճանաչված չեն արտասահմանում: Նույնը վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, որի մասին հաճախ գրքի միջոցով են իմանում»:
Վարուժան Ոսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի գրողների միությանը եւ Մշակույթի նախարարությանն առաջարկել է հանդես գալ ժամանակակից հայ գրողների գործերի թարգմանության ծրագրով. «Այդ կերպ հայ գրականությունն աստիճանաբար մեծ ճանաչում կգտնի: Ցավոք, լավ թարգմանիչներ չկան, որոնց միջոցով հայ գրողների ստեղծագործությունները հասանելի կլինեին նաեւ օտարազգիներին»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու է նաև ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, շվեյցարիահայ գրող Վահե Գոդելը, իտալացի գրող Կլաուդիո Պոցցանին: Նա 2014թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Վաղը փառատոնի հյուրերը կայցելեն Մատենադարան, իսկ «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Յոկե Վան Լեուվենի «Ծի՛վ» գրքի շնորհանդեսը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ