Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Հալեպի հայ ծերանոց: Ծերանոցի տնօրենի, խնամակալության խորհրդի անդամների և Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն ուղեկցությամբ Տիգրան Գևորգյանը շրջեց ծերանոցով և զրուցեց այնտեղ ապաստանած տարեցների հետ՝ հետաքրքրվելով նրանց կարիքներով և մտահոգող հարցերով:
Գլխավոր հյուպատոսը ներկաներին շնորհավորեց ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ և վստահեցրեց, որ սիրիահայության, մասնավորապես սոցիալապես առավել խոցելի խավերի՝ ծերերի և մանուկների խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանութունների ուշադրության կենտրոնում:
Տիգրան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ծերանոցի աշխատակիցներին իրենց անձնվեր աշխատանքի համար:
Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց հայ ազգային պատսպարան (մանկատուն): Տիգրան Գևորգյանը պատսպարանի սաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ, իսկ տնօրինությանը վստահեցրեց, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության և պատսպարանի համագործակցությունը ապագայում նույնպես շարունակվելու է:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը և պատսպարանի տնօրինությունը քննարկեցին դպրոցական արձակուրդներին երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:
Հայ ծերանոց և պատսպարան այցելության ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը երկու հաստատությունների տնօրինություններին հանձնեց հայազգի բարերար Վարդան Սերմաքեշի կողմից կատարված դրամական նվիրատվությունը:
ՀՀ ԱԳՆ