Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տեղեկացրեց, որ այս աշնանը հնարավոր է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում Բունդեսթագում:
Դառնալով Բուդեսթագում ընթացող քննարկումներին՝ դեսպանը նշեց. «Գերմանիայի Բունդեսթագում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Որքանով տեղյակ եմ` այս աշուն Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում հնարավոր է ակնկալել: Հիմա էլ Բունդեսթագում լսումներ են ընթանում, սակայն բանաձևի քննարկման օրվա հետ կապված կոնկրետ ժամկետ ասել չեմ կարող»:
Մաթիաս Քիեսլերը նաև տեղեկացրեց, որ այժմ Գերմանիայում պատմության նոր դասագրքեր են պատրաստվում, որտեղ բաժիններից մեկը նվիրված է լինելու անցյալ դարի ցեղասպանություններին` ներառյալ Հայոց ցեղասպանությանը: Դիտարկմանը`Գերմանիայի խորհրդարանը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում արդյոք ոչ նպատակահարմար չէ՞ խոսել երկու երկրների հաշտեցման մասին, դեսպանը պատասխանեց. «Հաշտեցումը միայն օտար երկրների որոշումներից և ճանաչման գործընթացներից կախված չպետք է լինի, այլ երկու երկրների հասարակություններից»:
Հիշեցմանը, թե որոշ մասնագետներ ռիսկեր են տեսնում, որ այդ բանաձևը այդպես էլ մոռացված կմնա, քանի որ դա ընդամենը քայլ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` դեսպանը պատասխանեց. «Հիմա գործընթաց է տեղի ունենում, և չեմ կարող իմանալ, թե սրա վերջը ինչ կլինի, պիտի տեսնենք»:
Կարդացեք նաև
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, Թուրքիայի ներկայացուցիչ Այշե Օզլեմը հույս հայտնեց, որ Գերմանիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ու հավելեց. «Ես հուսով եմ, որ Թուրքիայի վրա կլինի ոչ թե արտաքին ուժերի ճնշում և ազդեցության, այլ ճնշումը կլինի ներսից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի