ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի» դատական գործով (նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան) նախնական դատական նիստը:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Գայանե Առուստամյանին՝ ՀՀ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը որպես փաստական ապացույցներ այն մասին, որ Գայանե Առուստամյանը վիրավորել է ոստիկանին, դատարանին ներկայացրեց տեսանյութ և ՀՔԾ որոշումը:
Այուհետև ներկայացնելով գործի հետ կապված մանրամասներ՝ Գայանե Առուստամյանի մասին ասաց, թե «կներեք, էլի, բայց Գայանե Առուստամյանը իրեն հիստերիկ վիճակում էր պահում»:
Կարդացեք նաև
Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը հայտարարեց, որ ներկայացված հայցի դեմ ամբողջությամբ առարկում են և ներկայացրեց միջնորդություն սույն դատական գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172/3 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:
Այնուհետև նշեց, որ կախված նրանից, թե դատարանը այս միջնորդության հետ կապված ինչ որոշում կկայացնի, ըստ այդմ՝ իրենք կորոշեն հակընդդեմ հայցով հանդես գալու իրենց ցանկության մասին:
Հայցվորի ներկայացուցիչն առարկեց ու վրդովվեց. «Գայանե Առուստամյանը վիրավորել է փողոցում ոստիկանական համազգեստով ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ բոլորի ներկայությամբ: Ի՞նչ բացատրական բառարանով կարելի է շոյվել, էշ կամ քրջոտ արտահայտություններից: Գայանե Առուստամյանն ասում էր «այ էշ, խի՞ ես սուլում», ի՞նչ սուբյեկտիվ ընկալման մասին է խոսքը»:
Դատական նիստը հետաձգվեց, կհրավիրվի ևս մեկ նախնական դատական նիստ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 19-ին ժամը՝ 12.10-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ