Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սեպտեմբեր 22,2015 15:27

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու և Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը և ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն­նե­րից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Հովիկ Աբրահամյանը  համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-չինական կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Varchapet2

Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, Հայաստանի և Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել Հայաստանի Հանրա­պետության Նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցության զարգացմանը: «Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար): ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը իր հերթին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, և Չինաստանը պատրաստ է խորացնելու և ամրապնդելու դրանք։

Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար եւ այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930