Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ լինի՝ պոլի փետ լինի. Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ դա իրենց չի վերաբերում

Սեպտեմբեր 22,2015 13:40

Ռուբեն Հակոբյանը, ԱԺ-ում խոսելով 1995-ի կեղծիքով պարտադրված Սահմանադրության մասին, ասաց, որ նրանք, ովքեր այն ժամանակ դա արեցին, հիմա սեւերի ու սպիտակների են բաժանում ամեն ինչ: Նա դիմեց ընդդիմությանը, ասաց. «Այս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարեք, դուք, որ այդ ավանդությամբ ընդունեցիք Սահմանադրությունը: Լավագույնս ձեր հորդորները կատարում են: Ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք մի հատ դարակազմիկ եզրույթ ունեիք, որ պոլի փետ լինի՝ ՀՀՇ լինի: Այս մարդիկ կատարելության են հասցրել դա: Սա ենթադրում է, որ ինչքան հանցագործ, ժուլիկ լինի՝ խցկվի իշխանություն: Հիմա անում են, ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»: Նա վստահեցրեց, որ այս 25 տարվա ընթացքում իշխանությունների արժեքային համակարգը երբեք չի փոխվել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին՝ համաձա՞յն եք այդ համեմատության հետ, որ դուք շարունակում եք ՀՀՇ-ի «ավանդույթները» եւ հետեւում եք նրանց հորդորներին՝ պատասխանեց. «Դա ընդունեք որպես Ռուբիկ Հակոբյանի անձնական կարծիք: Չեմ կիսում նրա կարծիքը: Ես չէ, որ պետք է գնահատեմ նախկին եւ ներկայիս իշխանությունների արժեքային համակարգը: Փոփոխությունները բավականին են եւ տեսանելի»:

Մեր հարցին՝ Դուք չե՞ք առաջնորդվում այն կարգախոսով, որ «ՀՀԿ լինի՝ պոլի փետ լինի»՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք ինքներդ եք տեսնում, որ ընդհանրապես նման բան գոյություն չունի: Հաճախ իրենք էլ են քննադատում, որ ոչ կուսակցականներն են պաշտոնները ստանում, ասում էին՝ իբր թե ՀՀԿ-ն չունի իր բազան, դրա համար էլ ոչ ՀՀԿ-ականների են պաշտոնների նշանակում: Եթե նկատեք, անկուսակցական են բավականին շատ ներքին կառույցների ղեկավարները, մարդիկ, որոնք ընդհանրապես ՀՀԿ-ի կազմում չեն: Այդպիսի մարդիկ այսօր զբաղեցնում են բավականին պաշտոններ»:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ի խմբակցությունն էլ բազմակուսակցական է. «Շուրջ 7 կուսակցություններից բաղկացած խմբակցություն է»:

Մեր հարցին՝ դպրոցների, մանկապարտեզների տնօրենների հանրապետականացումը, որի հետ կապված բավականին քննադատություններ եղան, դա չի՞ խոսում հակառակի մասին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող մեկ-մեկ օրինակներ բերել, թե որ տոկոսն է ՀՀԿ-ական, որ տոկոսը՝ այլ կուսակցական: Համենայնդեպս, դրանք զուտ անձնական կարծիքներ են եւ պատճառաբանություններ: Երբ հաջողությունների չեն հասնում քաղաքական ուժերը, բնականաբար, իրենց անհաջողությունները արդարացնելու համար ինչ-որ պատրվակներ պետք է առաջ բերեն: Դրանք պատրվակներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Դրանք պատրվակներ չեն…
    Ուղղակի հհկ-ն աշխատանքից ու հացից զրկում է բոլոր նրանց, ովքեր իրենց չեն քծնում ու շողոքորթում, ովքեր ընդունակ չեն անասնական ու ախոռային բարքերին տրվելու…և ենթարկվելու…
    Մնացել են նրանք,ովքեր ընդունակ են ապականության…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930