Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, Ադրբեջանում քաղաքական ապաստան ստացած Վահան Մարտիրոսյանին ադրբեջանական կողմը կվերացնի:
«Ընդ որում, ոչ Ադրբեջանում, այլ մի երրորդ երկրում, օրինակ ՝Թուրքիայում ու կվերացնեն մի դժբախտ պատահարի միջոցով: Վահանի հետ աշխատել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, ակնհայտ է, որ Վահանը խոսում է հաճույքով, ամեն ինչ անում է իր կամքով: Հարց է առաջանում՝ արդյոք որեւէ երկիր ազատության մեջ կթողնի՞ մի մարդու, ում հետ կոնտակտի է դուրս եկել, այստեղ կան գայթակղելու ձեւերը, գումարներ եւ այլ հարցեր»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Սաֆարյանը:
Նա Վահան Մարտիրոսյանի ասուլիսից տպավորություն է ստացել, որ այն ավելի վաղ էր նախապատրաստվել. «Վահանի խոսքն անխռով էր, հավաք, առանց հուզմունքի, բավականին ճիշտ ընտրած թիրախներով: Շատ քաղաքական գործիչներ կնախանձեին այդպիսի պրոֆեսիոնալ ասուլիս ունենալ: Գտնվելով հակառակորդի երկրում եւ ունենալ նման վստահություն, դա նշանակում է չգտնվել հակառակորդի հողում»:
Անդրադառնալով ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի արձագանքին, թե «էլեմենտար բան է, նստել է ավտոն ու գնացել եւ ցանկացած քաղաքացի էլ կարող է սահմանը հատել», պարոն Սաֆարյանը նկատեց, որ Գորիկ Հակոբյանն իր տեղում չէ. «Սերժ Սարգսյանը պետք է մտածի նրան փոխարինելու մասին: Մի շարք գողությունների մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը ինչպես կարող է հանգիստ լքել Հայաստանը: Սա նշանակում է՝ Գորիկ Հակոբյանն ուղղակի Հայաստանում խթանում է հանցագործությունը, այսինքն՝ բոլոր հանցագործները կարող են հանցագործություն անել ու հանգիստ գնալ»:
Կարդացեք նաև
Իսկ սահմանային միջադեպերի հարցում ՀԱՊԿ-ի պահվածքը պարոն Սաֆարյանի համար բավականին տարօրինակ է: Նա հիշեց, որ 2008-ին Հայաստանը, ինչպես այս տարի, կրկին ստանձնել էր ՀԱՊԿ-ի նախագահությունը ու դեռ 2008-ին՝ ՀՀ անվտանգության պահպանման համար կարեւոր մի շարք համաձայնագրեր էին ստորագրվել: Պարոն Սաֆարյանի խոսքով, Հայաստանն այս տարի կրկին նախագահելով ՀԱՊԿ-ը՝ լավ հնարավորություն ունի փորձարկել դաշինքի նշանակությունը իր անվտանգության պահպանման առումով. «Ոչ մի բան չպետք է խանգարի ՀՀ-ին՝ քննարկել իր ռազմաքաղաքական անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Հայաստանը ոչ միայն սահմանին պետք է պատժի հակառակորդին, այլեւ միջազգային հարթակներում ու միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանին զսպելու քաղաքականությանն անցնի: ՀԱՊԿ-ը այդպիսի կառույցներից մեկը պետք է դառնա: Բայց Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում որեւէ ձեւով դաշինքի մյուս անդամներին Հայաստանի խնդիրների նկատմամբ պարտավորված չի դարձնում, որեւէ կերպ չի ավելացնում Հայաստանի պաշտպանվածությունը»:
Պարոն Սաֆարյանը մասամբ է համաձայն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ասածներին, թե ամեն մի կրակոցի համար չեն կարող դիմել ՀԱՊԿ-ին. «Իհարկե, ճշմարտություն կա, բայց երբ արդեն հակառակորդը օգտագործում է զինատեսակներ, որոնք պատերազմին բնորոշ իրավիճակ են ստեղծում, պետք չէ հապաղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ – :)))
Ես էլ Տիեզերական քաղաքակրթությունների առաջնորդների նախագահն եմ 🙂
Մարդ մի քիչ իրեն պետք է ցինիկ չպահի էլի…