Սյունիքից Համահայկական բնապահպանական ճակատի ստացված բազմաթիվ ահազանգերը վկայում էին, որ այս մարզի անտառները նույնպես վտանգված են։ 2015 թ.-ի սեպտեմբերի 20-ի կարճատև այցելությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք համոզեց մեզ, որ այստեղ իրականացվում են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերեցինք տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։
Գլխավոր ավտոճանապարհի տարբեր հատվածներում դեպի անտառի խորքը բացված էին բազմաթիվ հողային ճանապարհներ, որոնցով գնալու դեպքում, ցանկության դեպքում, հաստատ ականատես կդառնաք այս տեսանյութում և լուսանկարներում ներկայացված խայտառակ պատկերին։
Ակնհայտ է, որ սա կազմակերպված և վերևներից հովանավորվող գործընթաց է, որի տարբեր օղակներն իրար հետ համագործակցելով կամաց-կամաց ոչնչացնում են Հայաստանի առանց այն էլ սակավաթիվ անտառները՝ տուրք տալով իրենց գումար աշխատելու մոլուցքին։
Հարց է առաջանում, թե ինչով են զբաղված անտառների պահպանության համար պատասխանատու պետական լիազոր մարմինները՝ հատկապես Հայանտառը, որի ղեկավարությունը մեր կարծիքով ցուցաբերում է հանցավոր անտարբերություն։ Վաղուց է անհրաժեշտ այս ոլորտում իրականացնել լուրջ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում 50-100 տարի հետո մենք հնարավոր է վերջին հրաժեշտը տանք մեր անտառներին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն