Երեկ լրագրողները հուսահատ փորձեր էին կատարում ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից բացատրություններ ստանալու, թե այդ ինչո՞վ էր զբաղված ԱԱԾ-ն, երբ տխրահռչակ Վահան Մարտիրոսյանը փախչում էր Ադրբեջան։
ԱԱԾ տնօրենը զարմանում էր, թե ինչպես լրագրողները չեն հասկանում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն, օրվա մեջ ցանկացած ժամի, շաբաթը յոթ օր, տարին տասներկու ամիս, գարուն, աշուն, ամառ, ձմեռ՝ երբ ուզենա, կարճ ասած, կարող է անցնել Ադրբեջան։
Նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությու՞նը,– յան չեն տալիս լրագրողները։ Իսկ ԱԱԾ տնօրենը հակադարձում է, թե լրագրողները չեն հասկանում ինչի մասին են խոսում։
Իհարկե, կարելի է մանրամասնել եւ եզրակացնել, թե ԱԱԾ տնօրենին ենթարկվող սահմանապահ ծառայությունը ում ասես՝ ներս է թողնում Հայաստան, ում ասես՝ դուրս է թողնում Հայաստանից։
Կարդացեք նաև
Բայց այդ ամենը անիմաստ է, որովհետև փաստն այն է, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ծեր, հոգնած, վատառողջ մարդ է, որին Սերժ Սարգսյանը ըստ էության բռնի կերպով պահում է այդ պաշտոնում, որովհետեւ թոշակառու գեներալին փոխարինելու հարմար թեկնածու չի գտնում, կամ էլ վախենում է, որ այդ պաշտոնը թափուր մնալու դեպքում իշխանական կլանները, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այնպիսի պայքար կսկսեն այդ պաշտոնում իրենց մարդուն նշանակելու համար, որ ամեն ինչ կխառնվի իրար։
Եվ ահա, այս տխուր իրավիճակի պատճառով Հայաստանը ստիպված է համակերպվել ծեր, հոգնած, աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունն ու էնտուզիազմը վաղուց կորցրած ԱԱԾ տնօրեն ունենալու փաստի հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում