Հայաստանյան իրավապաշտպանները «վրեժխնդրություն», «հաշվեհարդար» բառերով են բնութագրում Հայկ Կյուրեղյանի դատավճիռը ու մատնանշում են ակնհայտ տարբերությունները այդ գործի և բարձրաստիճան պաշտոնյաներին, օլիգարխներին կամ նրանց ազգականներին առնչվող տարբեր քրեական գործերի ու քրեական պատմությունների «ճակատագրի» միջև։
«Հայկ Կյուրեղյանի նկատմամբ չի կայացվել դատավճիռ, նրա նկատմամբ կայացվել է հաշվեհարդար։ Չի կարելի ասել, թե այդ փաստաթուղթը, որ ընթերցվել է դատարանում, դատավճիռ է, չի կարելի ասել, որ դա համապատասխանում է իրավաբանական նորմերին, օրենքներին։ Սովորական հաշվեհարդար է երիտասարդի նկատմամբ, ով համարձակվել է դուրս գալ ռեժիմի դեմ»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Մասնագիտությամբ ծրագրավորող Կյուրեղյանը, ով ոտքի չկանգնելու համար ողջ դատավարության ընթացքում հեռացվել էր նիստերի դահլիճից և անգամ չլսեց սեփական դատավճիռը, դատավոր Արամ Բեկթաշյանի կողմից այս երեքշաբթի մեղավոր ճանաչվեց խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
31-ամյա երիտասարդը անցած տարի հունիսին Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարության մեկնարկից առաջ բարձրացել էր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել։ Նա պատճառաբանել էր, որ այդ կերպ իր բողոքն է արտահայտում քաղաքական մոտիվներով ունեցող անարդար դատավարության դեմ։
Կարդացեք նաև
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կյուրեղյանը այս գործով տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին էր պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը պատճառվել էին թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Եվ չնայած դրան՝ դատարանը նրան դատապարտեց 9 տարի ազատազրկման, իսկ դատախազը նույնիսկ 14 տարվա ազատազրկում էր պահանջել։
«Եթե ռեժիմը բոլոր քաղաքակիրթ ճանապարհները փակում է, թույլ չի տալիս քաղաքացուն քաղաքակիրթ ճանապարհներով պաշտպանել իր արժանապատվությունը, այս երկրում նորմալ ապրելու իրավունքը, քաղաքացուն մնում է մի ճանապարհ՝ ոչ քաղաքակիրթ, կտրուկ ձևերով լուծել իր հարցերը»,- պաշտպանական ճառի ժամանակ այսպես էր բացատրել իր արարքը երիտասարդը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ դատավորը կամայական մոտեցում է ցուցաբերել այս դատավճռով. սա թույլ է տալիս իրավապաշտպանին ենթադրելու, որ դատավորը «իշխանության խամաճիկն է և պատվեր է կատարում»։
Նաիրա Գեւորգյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում