Ինչպես հայտնի է ՝սեպտեմբերի 25-ին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» ճակատի հանրահավաքը մեկնարկելու է Գյումրի քաղաքից: Սակայն մինչ ընդդիմադիրների Գյումրիում բողոքի ակցիա անցկացնելը, սեպտեմբերի 24-ին հանրապետության երկրորդ քաղաք նախապատրաստվում է այցելել երկրի նախագահը:
Ըստ մեր տեղեկությունների, վերջինս գալիս է կաթոլիկների նորակառույց եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու ու «Կարիտաս Ավստրիայի» ֆինանսական միջոցներով գործող բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոն այցելու համար: Այս կենտրոնն ընկնում է Գյումրու Անի թաղամասի վերջնամասում:
Այս օրերին Գյումրու քաղաքապետարանը հապշտապ վերանորոգում, ասֆալտապատում է Պարույր Սեւակ փողոցի վերջնամասը, որպեսզի նախագահի շարասյունը կարողանա անցնել այդտեղով: Նշենք, սակայն, որ դեռ ասֆալտապատել են փողոցի ընդամենը մի մասը: Կբավարարվե՞ն այդքանով, թե՞ կշարունակեն, դեռ հայտնի չէ, համենայնդեպս շինարարները ազատ օրերին դադարեցրել էին փողոցի շինաշխատանքը:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, նախագահի անվտանգության աշխատակիցները ուրբաթ օրն արդեն իսկ զննել են տեղանքը: Նաեւ ցուցակ են կազմել, թե ովքեր իրավունք ունեն այդ օրը գալ, անգամ մոտենալ «Արեգակ» կառույցին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ