Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնե՞լ՝ ով է խոսում

Սեպտեմբեր 22,2015 10:17

Եթե մարդն ինչ-որ բան է ասում, պետք է կարեւորել միայն ասվածի ճիշտ թե սուտ լինե՞լը, թե՞ նշանակություն ունի նաեւ, թե ով եւ ինչի համար է դա ասում։ Բոլոր դեպքերի համար համընդհանուր պատասխան չկա։

Ենթադրենք, Իլհամ Ալիեւն ասում է, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները։ Դա 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ պետք է հաշվի առնել առնվազն երկու հանգամանք։ Առաջինը՝ դա ասում է բռնապետական (իսկական բռնապետական) երկրի ղեկավարը։ Երկրորդ՝ այդ ղեկավարն անթաքույց սպառնում է ոչնչացնել մեր պետությունը եւ այնպես անել, որ հայերն այս տարածաշրջանում ընդհանրապես գոյություն չունենան։

Այսպիսով՝ վերանալ ասողի անձից այս դեպքում հնարավոր չէ։ Բայց այդ վերապահումները պետք է, ըստ երեւույթին, անել այն դեպքում, երբ դատողությունների հեղինակը պարզ եւ աներկբա ազդանշաններ է ուղարկում, թե որոնք են նրա նպատակները։ Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարության թե՛ խոսքերը, թե՛ գործողությունները կասկած չեն թողնում իր մտադրությունների վերաբերյալ։

Ուրիշ հարց, երբ դու փորձում ես գուշակել մարդու մտադրությունները՝ այնպիսի մտադրություններ, որոնց մասին նա չի հայտարարում։ Դասական օրինակ է նույն մարդու իրավունքների խնդիրը։ Եթե Հայաստնում մեկը դրա մասին խոսում է, արդյոք ճի՞շտ է նրան «արեւմտամետի» պիտակ կպցնելը եւ իսկույն «միասեռական Եվրոպայի» եւ զոոֆիլմերի թեմայի մեջ խորանալը։ Դա չափից դուրս հեշտ ճանապարհ է։ Իրավապաշտպանը, ենթադրենք, խոսում է ոստիկանության «քաղմասերում» մարդկանց խոշտանգման դեպքերի մասին, եւ որպես դրա «արժանի հակահարված»՝ ասվում է, որ խոսացողը գրանտակեր է եւ նպատակ ունի արդարացնել Արեւմուտքից ստացած դրամաշնորհները։ Տվյալ դեպքում այդ հանգամանքը, եթե նույնիսկ ճիշտ է, երկրորդական է արձանագրված փաստի համեմատ։ Փաստերը կա՛մ համապատասխանում են իրականությանը, կա՛մ չեն համապատասխանում։ Ադեկվատ չէ նաեւ՝ «իսկ ձեզ մոտ սեւամորթներին են ճնշում» խորհրդային ոճի հակադարձումը։

Նույնը, իհարկե, ճիշտ է նաեւ «հակառակ կողմից»։ Եթե մեկն, օրինակ, ասում է, որ Մերձավոր Արեւելքի հարյուր հազարավոր փախստականների ճակատագրի համար իր մեղքի բաժինն ունի նաեւ Արեւմուտքը եւ, մասնավորապես, Միացյալ Նահանգները, ապա դրա լավագույն պատասխանը չէ ասել, որ նման կարծիք հայտնողը կատարում է Հայաստանում ՌԴ դեսպանության պատվերը, կամ նրա ուղեղը լվացած է ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչությամբ։ Ավելի ցանկալի է այդ պնդումը քննարկել ըստ էության։

Մի խոսքով՝ դեպքեր կան, երբ կարծիք հայտնողի անձը եւ մտադրությունները նշանակություն ունեն, իսկ դեպքեր կան, երբ՝ չունեն։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Իշխանափոխության կոչեր շարունակաբար հնչեցնող ընդիմադիր խմբակների լիդերները նույնպես երբեմն 100 տոկոսանոց ճշմարտություններ են ասում: Բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել նրանցից ոչ մեկին՝ ազգի դարդից քունն ու ախորժակը կորցրած և Հայաստանի լուսավոր ապագայի համար ինքնազոհության պատրաստ: Որ մեկին էլ այդ կերպարով ուզում եմ պատկերացնել՝ կամ զավեշտ է ստացվում, կամ զզվելի ֆարս:
    Բայց չէ՞ որ նրանք միայն այդ լույսի տակ էլ իրենց ներկայացնում են,(ոչ մի ուրիշ կերպ) և ազգին կոչ անում իրենց ետևից գնալ, քանի որ իրենք միայն ուզում են մոմի պես այրվելով լուսավորել այդ ուղին….:
    Բայց ուրեմն ՍՈՒՏ ԵՆ ԱՍՈՒՄ ՉԷ՞, ինչի՞ համար, որոնք են այն իրական մտադրություններն ու նպատակները, որոնց մասին նրանք չեն հայտարարում: Դժվա՞ր է գուշակելը… Կարծում եմ ոչ: Ժողովուրդը իմաստուն է, և դրա ապացույցը այդ խմբակների վարկանիշն է ու հավաքած մարդկանց քանակը: Պետք է խոստովանել, որ մի քանի առանձին դեպքերում ժողովրդին տրված կտերն ու ասված ստերը առանձին տաղանդով և խելացի են արված եղել և ավելի մեծ բազմություն ու ձայներ հավաքել: Բայց վերջում մեկ է ժողովրդի իմաստությունը հաղթել է:
    Ասածս ինչ է՝ երբ սրիկան ճիշտ բաներ է բարձրաձայնում, պետք է գնալ նրա ետևի՞ց…

  2. Արսեն says:

    Էդ ձեր մանկա-պատանեկան հարցը՝ «Հաշվի առնե՞լ՝ ով է խոսում»-ը, առաջանում է նրանից, որ մրցակցությունը և ընտրության իրավունքը բացառել եք, և ձեր գրասեղանի առաջ նստած, տեսական դատողություններով փորձում եք հասկանալ՝ ինչ անել…
    Պրոբլեմի լուծումը՝ թե ում ասածը ինչ արժի, շատ վաղուց գտնված է։ Դրա համար՝ մանկապարտեզից երեխաներին սովորեցնում են իրենց ասածը արգումենտավորել, և վիճել… օրորոցից պետք է վիճես և քո շահերը պաշտպանես։ Ճանապահիդ կհանդիպես շատ և շատ մարդկանց, ովքեր անում են նույն բանը՝ և որոնց շահերը չեն համապատասխանում քոնին… դու՝ անընդհատ վիճում ես և անընդհատ քվեարկվում։ Առաջանում է՝ «կարծիքի կշռի» ռեյտինգային աղյուսակ…
    Միանգամայն հասկանալի է, որ սիստեմը աշխատում է, եթե բռունցքները բացառվում են, և քվեարկությունները չեն կեղծվում (հենց կեղծվեցին, կամ բռունցքներ օգտագործվեցին՝ դառնում ես Հայաստան..)))..) հայհոյանքները (խոսքերով)՝ թույլատրված են, բայց՝ չչարաշահել, դրանք ընդհամենը՝ համեմունքներ են, եթե միայն հայհոյում ես՝ բայց ասածիդ մեջ իմաստ չկա, քվեարկողները՝ վրադ հոտած պոմիդորներ են շպրտում..)))..
    Հրաժարվել մրցակցությունից՝ (վիճելուց) նշանակում է՝ հրաժարվել ռեյտինգային աղյուսակում առհասարակ լինելուց, այսինքն չընտրվել, հետևաբար՝ չընտրել…
    ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆՒ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՒՉՆԵՐՒ ԱՍԱԾՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴԵԲԱՏՆԵՐՒՑ, ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՒՐԵՆՑ ՕՊՈՆԵՏՆԵՐԻ ԴԵՄ՝ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ։ Նրանց հետ մենք չենք վիճում և ինչ որ բան քննարկում, ընդհամենը՝ սահմանի վրա շարում ենք տանկեր։ (իսկ տանկեր մենք՝ անպայման ավելի շատ ունենք և ավելի լավ որակի են, քանի որ տանկերը նախագծելու և սարքելու ընթացքում՝ անընդհատ վիճել ենք, քննարկել, ընտրել և ընտրվել… առանց բռունցքների..)))..)։
    Իսկ ընդհանրապես, ես ձեր տեղը լինեի՝ շնորհակալություն կհայտնեի Ալիևին, որ անհանգստացած է՝ մարդու իրավունքների վիճակով Հայաստանում, կխնդրեի՝ որ գրավոր ուղարկի իր գործողությունների ծրագիրը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի բարելավվման համար, ինչպես նաև՝ կիսվի իրենց երկրի առաջավոր փորձով՝ այդ բնագավառւմ։ Ինչպես նաև՝ կխնդրեի Հայաստանից դիտորդական խմբեր ընդունել՝ որոնք Ադրբեջանում կծանոթանան իրական վիճակին, և առաջավոր փորձը կփոխանցեն Հայաստանում կիրառելու համար։ Փորձեք, Ա-ն ասել է, Բ-ն չի կարող չասել…

    • Gago says:

      Քե՞զ ինչն ա խանգարում Ալիևին շնորհակալություն ասել և մարդու իրավունքների բարելավման ծրագրին ծանոթանալ: Աչքիս ահագին էլ ժամանակ ունես դրա համար: Խմբագիրը (իմ պաշտպանության կարիքը չունի) մի քիչ ավելի բազմազբաղ ա, մի քիչ էլ քեզ ա զբաղմունք տալիս: Տեսնում եմ անհամբեր սպասում ես լույսը բացվի որ Առավոտի խմբագրականը ընթերցես: Լիքը քո սիրած լայն ժպիտներից:))))))))))))))))))))))))))))

      • Արսեն says:

        Դու, քո հարցի պատասխանը չես ստանա, քանի որ մոդերատորները՝ նույնիսկ նկուղում թաքցված մեկնաբանությունները չեն հրապարակում։

  3. Ruben says:

    Ենթադրենք, Սերժ Սարգսյանն ասում է, որ հյուսիսային Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները։ Դա 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ պետք է հաշվի առնել առնվազն երկու հանգամանք։ Առաջինը՝ դա ասում է բռնապետական (իսկական բռնապետական) երկրի ղեկավարը։ Երկրորդ՝ այդ ղեկավարն անթաքույց սպառնում է ոչնչացնել հյուսիսային Ադրբեջանը եւ այնպես անել, որ կովկասյան թաթարներն այդ տարածաշրջանում ընդհանրապես գոյություն չունենան։
    Հնարավո՞ր է, գոնե, ենթադրել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930