Լրահոս
Օրվա լրահոսը

Համառաբիսացման համախտանիշ

Սեպտեմբեր 21,2015 20:44

Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ձախ Հարութն ու Արմենչիկն էլ  համալրեցին ՀՀ վաստակավոր արտիստների ցանկը: Ումի՞ց էին պակաս, որ «բոնբոներկայի» նման «մաղարիչի» պես բաժանվող կոչում չունենային, մանավանդ դասական երաժշտության նվիրյալներին  «վազանցում» են իրենց բոցավառած դահլիճներով, իրե՛նք են լսվում «վերին»  խնջույքներում, VIP ընդունելության արժանանում ու քարոզվում:

Իմիջիայլոց,  ՀՀ Նախագահը  կոչումներ է շնորհում ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պաշտոնատար անձանց  եւ տեղծագործական միությունների միջնորդությունների հիման վրա։ Միջնորդողների անուններն էական չեն, միջնորդության կարիք էլ չկա՝ «քաղաքը» ջազից բացի հախուռն ռաբիս է լսում, բոլոր հարթակները այդ նպատակին են ծառայեցվում:

Նշաձողն էլ ոչ թե էջել է, այլ  լուցկու հատիկների է վերածվել ու հատիկ-հատիկ վառվում է՝ ի պատիվ  համառաբիսացման: Մեզ հետ զրույցում ճանաչված կոմպոզիտոր ու դիրիժոր Երվանդ Երզնկյանը չէր կարողանում ծիծաղը զսպել՝ հատկապես Արմենչիկի ու Ձախ  Հարութի «վաստակավորվելու» առիթով:

Մի բան, սակայն, պարզ է՝ իրական աստղերին ու մշակույթի նվիրյալներին կոչումներ պետք չեն, նրանց կոչումն իրենց կենսակերպն ու արժանապատվությունն է, իրենք «վերեւներին» չեն հաճոյանում, նրանց խնջույքների սեղանները չեն «ծաղկեցնում»:

Ժամանակին լուսահոգի Լեւոն Խեչոյանը հրաժարվեց  պետական պարգեւից՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից, ասելով, որ չի կարող ընդունել , երբ  արտագաղթը հասել է հսկայական չափերի ու իր եղբայր-ազատամարտիկները սոցիալական ծանր պայմաններից դրդված՝ նստացույց են անում, պետական պարգեւներից հրաժարվեց մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը, վերջինս նույնիսկ կատակով որդուն՝ Նարեկ Դուրյանին  խրատել էր, թե վախենամ իմ պարգեւը պտտվի ու քեզ մոտ գա:

Ախր ցանկացած  պետական պարգեւ ու մրցանակ սուբյեկտիվության տարր ունի, ու բարձր դասի արվեստագետներին ու մյուս բնագավառների գործիչներին դրանք պետք չեն: Նրանք գիտակցում են, որ ստեղծագործական միությունները կամ իշխանությունները չպե՛տք է որոշեն արժանավորին…

Oրինակ ֆրանսիացի լեգենդար կինոռեժիսոր Ժան Լյուկ-Գոդարը  մի քանի տարի առաջ հրաժարվեց  իրեն շնորհած «Օսկարից»՝ պատճառաբանելով, որ մետաղի այդ կտորի համար չարժի թռչել ԱՄՆ:

Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, քանի դեռ  մեր երկրում չկա այդ առողջ մտայնությունը, ապա վաստակավորի կամ միանգամից ժողովրդականի կոչման համար իրենց հերթին են արդարացիորեն դեռ սպասելու Սպիտակցի Հայկոն, Թաթուլը, Մարտին Մկրտչյանն ու մյուսները: Չնայած Խատուբան էլ կարող է համապատասխան հավակնություններ ունենալ՝ պոտենցիալ վաստակավոր է…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Հակոբյան անաչառ չեք,կամ էլ հեռու իսկական արվեստից:Իմ խորին համոզմամբ Արմենչիկի եւ Ձախ Հարութի ստացած կոչումների վրա ծիծաղը չզսպող Երվանդ Երզնկյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելը նույնպես չափազանց էր:Կա մի դեպ հանցանաց մոտեցում՝ իրավն ասած,չհասկացվեց՝ ժողովրդական արտիստ որպես կոմպոզիտո՞ր,թե որպես Ռադիոյի էստրադային նվագախմբի ղեկավար:Իսկ գուցե երկուսը միասի՞ն…Այսօր ամեն ինչ հնարավոր է:

  2. Սեւակ says:

    “Բարձր դասի արվեստագետներին ու մյուս բնագավառների գործիչներին դրանք պետք չեն: Նրանք գիտակցում են, որ ստեղծագործական միությունները կամ իշխանությունները չպե՛տք է որոշեն արժանավորին”…

    Իմ շատ հարգելի հայրենակիցներ ջան, ինչի՞ էք բողոքում մի բանից, որի հեղինակը ըստ էության հենց դուք էք։ Եթե նույն Արմենչիկը գա Հայաստան ու ասենք թե համերգ տա հանրապետության հրապարակում՝ համոզված եմ՝ ներկա գտնվող հսկայածավալ ամբոխի մեջ հուզմունքից,այսպես ասած՝ էյֆորիայից նույնիսկ ուշագնաց լինողներ կլինեն։ Իսկ ինչու՞ էք կարծում, որ վերեւի իշխանությունները պարտավոր են իրենց սեփական, եւ այն էլ զարգացած գեղագիտական ճաշակն ունենալ՝ որպեսզի որոշեն՝ ումը տան վաստակավոր եւ ումը՝ ոչ։ Իշխանությունները նայել են մեզ , սիրելիներս, իսկ մենք վաղուց, շատ վաղուց ԱՅՈ ենք ասել ԱՐՄԵՆՉԻԿԻՆ։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/09/21/611002/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930