Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամենադուխով քաղաքը թնդացնելու ենք». «Ոչ»-ը՝ Գյումրիում սպասվող հանրահավաքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 19:12

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններին դեմ դուրս եկած «Ոչ»-ի ճակատը իր բողոքի ակցիաները պատրաստվում է մեկնարկել Գյումրիից. նրանք  ամսի 25-ին հանրահավաք ու երթ կանցկացնեն հանրապետության երկրորդ քաղաքում: Այս մասին նրանք իրազեկել են Գյումրու քաղաքապետարանին, որը ընդունել է ի գիտություն:

Այսօր «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը, Արշակ Մուսախանյանը մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ ներկայացնելով իրենց ծրագիրը:

«Այս սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն առաջարկվել է իշխանությունների կողմից, մենք գնահատում ենք որպես  Հայաստանի անկախությանը ու պետականությանը ուղղված լրջագույն մարտահրավեր, որովհետեւ, եթե այս փոփոխություններն անցնեն, ըստ էության, վերջ է դրվելու Հայաստանի երրորդ հանրապետությանը, եւ ստեղծվելու է ինչ-որ կուսակցապետական մի համակարգ: Եվ մենք որոշել ենք դրա դեմ պայքարել, եւ դրա դեմ պայքարը սկսել Գյումրիից սեպտեմբերի 25-ին: Ժամը 18.00-ին Գյումրիի Թատերական հրապարակում մեր առաջին հանրահավաքն է: Մենք որոշել ենք պայքարը սկսել Գյումրիից, որովհետեւ Գյումրին համարվում է Հայաստանի ամենաընդդիմադիր, դուխով, համարձակ, քաղաքականապես ամենաակտիվ քաղաքը: Մենք համոզված ենք, որ Գյումրին շատ լավ ստարտ է լինելու մեր պայքարը սկսելու համար: Գյումրից հետո լինելու են հանրահավաքներ Երեւանում, մարզերում, եւ համոզված եմ, որ Գյումրիի հանրահավաքի էներգետիկան այնքան շատ է լինելու, որ դա հերիքելու է, որ հաջոդ հանրահավաքներն  անցնեն բարձր մթնոլորտում, վճռական», -ասաց Դավիթ Հովհաննիսյանը :

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե երեկ գյումրեցիների հետ իրենց հանդիպումը ի՞նչ արձագանք է գտել. այս քաղաքի բնակիչների մոտ մի տեսակ հիասթափություն կա, կարծես անտարբեր են դարձել այս ամենի նկատմամբ: «Մենք ամբողջ օրը երեկ հանդիպել ենք գյումրեցիների հետ, մենք դատարկ ձեռքերով չէինք եկել, մեզ հետ բերել էինք հանրահավաքը իրազեկող թռուցիկներ: Զբաղված ենք եղել թռուցիկները բաժանելով եւ մարդկանց հետ հանդիպելով. 5000-ից ավելի թռուցիկներ են երեկ բաժանվել, եւ ես կարող եմ ասել, որ այսպիսի ոգեւորված ժողովուրդ ես դեռ չեմ տեսել, չեմ հիշում, որ ինչ որ տեղ տեսած լինեմ: Իհարկե, Հայաստանի ժողովուրդը միշտ էլ եղել է ընդդիմադիր, միշտ էլ մեծամասնությունը  դժգոհ է եղել իշխանություններից, բայց այսպիսի համատարած դժգոհություն, համատարած ատելություն իշխանությունների հանդեպ եւ այսպիսի վճռականություն պայքարելու իշխանության դեմ, իշխանության առաջարկած սահմանադրական ավանտյուրայի դեմ, ես այդպիսի բան դեռ չեմ տեսել: Իրոք, շատ ոգեւորված ենք երեկվա հանդիպումներից, այնպիսի ոգեւորություն կար, որ մի պահ ցանկություն էր առաջացել հենց տեղում հանրահավաքը ստեղծել, բոլորը իսկապես հանրահավաքային տրամադրությունների մեջ էին: Եթե այսպիսի պատկեր լինի Հայաստանի ամբողջ քաղաքներում, այս նախագծի մասին կարելի է մոռանալ», -պատասխանեց Դավիթ Հովհաննիսյանը:

Բանախոսներն ասացին, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրման նպատակով, սա հասկանում են բոլորը: «Որ մեր հասարակությունը բառիս բուն իմաստով ատում է իշխանություններին, ես երեկ դա նույնպես զգացի Գյումրիում, դրանում մենք  չենք կասկածում, ամենակարեւորն է, որ նրանք հասկանան՝ սա իշխանության խնդիր է, եւ նրանք դեմ են իշխանություններին: Այսինքն կարող ենք համարել, որ իրազեկման առումով այդ խնդիրը չկա, մեզ մնում է միայն որ ժողովուրդը հասականա, որ իսկապես ինքը համատարած մի բան է ցանկանում, ցանկանում է տապալել սահմանադրական փոփոխությունները եւ ցանկանում  է օր առաջ ազատվել իշխանություններից»:

Ըստ բանախոսների, իրենք կհասնեն հաջողության, որովհետեւ բոլոր նախադրյալները կան, որ Հայաստանում շուտով նոր շարժում կսկսվի, որին կմիանա ողջ հասարկությունը, քանի որ վերջինս ամբողջովին դեմ է իշխանություններին: Բանախոսների բնութագրմամբ, իշխանություններն էլ շատ թույլ են,  նրանք ամեն օր ցույց են տալիս, որ անհանգստացած են:

Դավիթ Հովհաննիսյանի ասելով՝ սա լինելու է միասանական ընդդիմության հանրահավաքը Գյումրիում, բոլոր նրանք, որոնք չեն կաշառվել, չեն հնազանդվել, չեն մասնակցել Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ֆոտոսեսիաներին, նրանք կգան ու ելույթ կունենան Գյումրիում: «Երբ մոտենում էինք գյումրեցուն, թռուցիկ տալիս, գյումրեցիները իրենք էին մեզ համոզում, որ դա անպայման պետք է անել, մինչդեռ մենք եկել էինք  գյումրեցիներին մենք համոզեինք, որ պետք է հանրահավաքը»:  Ըստ բանախոսների, իշխանությունները ո՛չ ներսում,առավել եւս Գյումրիում, ո՛չ էլ դրսում չունեն աջակցություն, նրանց  կողմից ռեսուսների կիրառման մասին չեն մտածում, քանի որ գյումրեցիները գիտեն, որ իրական ռեսուրսը քաղաքացին է՝ իր որոշմամբ:

Նրանք նաեւ ասացին, հանրահավաքից հետո երթ են անցկացնելու Գյումրու կենտրոնական փողոցներով, իրենց ձեւակերպմամբ,  Գյումրին սեպտեմբերի 25-ին թնդացնելու են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. alfred says:

    Չգիտեմ թե ինչով է Գյումրին ամենադուխով քաղաքը,բայց որ այնտեղ չեն սիրում օրենքներին ենթարկվել դա հաստատ է::Խորհրդային տարիներին ամենաշատ ալան թալանը կատարվում էր Գյումրիում, հատկապես շինարարության ոլորտում եվ երկրաշարժի ժամանակ տեսանք ինչ եղավ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930