Սեպտեմբերի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Կոնգրես-հոլ» համերգասրահում Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երմեկ Կոշերբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ժումաթայ Ալիևը և այլ պաշտոնատար անձինք:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Արա Սահակյանն` ամփոփ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի կայացման ուղին:
Համերգին հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Չուխաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Ներկաներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարումները:
Կարդացեք նաև
Համերգը տեսագրվեց ղազախական «Խաբար» հեռուստաընկերության կողմից և առաջիկայում կցուցադրվի ղազախական հեռուստատեսությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն