21 սեպտեմբեր, Երեւան — Գավառի հատուկ դպրոցում ուսանող հաշմանդամություն ունեցող 60 աշակերտներն այլեւս դպրոցի երկրորդ հարկ բարձրանալու դժվարություն չեն ունենալու` դպրոցում ներկառուցված նոր վերելակի շնորհիվ, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը` 12:00-ին:
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում են լուսաբանելու:
Կրթության հավասար իրավունքի ապահովմանը ծառայող վերելակը կառուցվել է Գավառի հատուկ դպրոցի Նյու Յորքի բարեկամների խորհրդի ֆինանսական աջակցությամբ` Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) օգնությամբ: Բացմանը ներկա կլինեն Բարեկամների խորհրդի հանձնախմբի անդամները Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, որոնք պարբերաբար այցելում են տարիներ շարունակ իրենց հոգածությունը վայելող դպրոցի աշակերտներին:
Գավառի հատուկ դպրոցը ծառայում է ամբողջ մարզի հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող 60 երեխաների, որոնցից ոմանց դասընկերներն ու դպրոցի աշխատակազմը գրկած էին բարձրացնում երկրորդ հարկ: Վերելակի շնորհիվ տեղաշարժման դժվարություններ ունեցող աշակերտները այլեւս ինքնուրույն տեղափոխվելու ազատություն են ձեռք բերել: Ավելին, վերելակը երկրորդ հարկը ավելի հասանելի է դարձրել բոլորի համար:
Վերելակի կառուցմանը ծրագրին աջակցել է նաեւ ՀՕՖ-ի «Այո» հարթակը, դրամահավաքի միջոցով փոքրիկ ներդրում ունենալով այս կարեւոր գործում:
Գավառի հատուկ դպրոցը մշտապես ուշադրության կենտրոնում պահող դպրոցի Նյու Յորքի բարեկամների խորհուրդը անցած մեկ տարում օգնել է նաեւ դպրոցի խոհանոցի մասնակի վերանորոգման ու կահավորման, նախասրահի ու սանհանգույցի վերանորոգման գործում:
Մամուլի հաղորդագրություն