Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք անձանց պարգեւատրեց պետական բարձրագույն պարգեւներով, պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներով ու դասային աստիճաններով: Պարգեւատրվողների մեջ էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստացավ:
Aravot.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանից: «Ռեժիմը գնահատեց այդ մարդու քրտնաջան աշխատանքը եւ հայ ժողովրդի անունից իրեն պարգեւատրեց»,- մասնավորապես պատասխանեց Անդրիաս Ղուկասյանը:
Նա գտնում է, որ այս պարգեւատրումը մեկնաբանման արժանի չէ. «Կարելի շնորհավորել պարոն Օսիպյանին կամ չշնորհավորել, կախված նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի: Եթե այդ մարդը անկեղծ անում է իր աշխատանքը (ծիծաղում է – Ա.Ի.) եւ այդ աշխատանքը գնահատվում է, նորից եմ կրկնում կամ կարելի է շնորհավորել կամ ոչ»:
Կարդացեք նաև
Պարոն Ղուկասյանը նշեց, որ ճանաչում է շատ մարդկանց, որոնք վերջին տարիների ընթացքում հետ տարան եւ վերադարձրեցին ռեժիմից իրենց տրված պարգեւները, քանի որ «համարում են, որ ռեժիմը ժողովրդի դեմ է գործում եւ իր տված պարգեւները պետք չի վերցնել»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ