Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում առաջիկա օրերին բարձրացնելու են Վահան Մարտիրոսյանի հարցը

Սեպտեմբեր 21,2015 17:38

Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի համար բավականին լարված է անցնելու:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Վեհաժողովի քննարկմանն են դրված երկու խնդրահարույց զեկույցներ՝ ԼՂ-ի և Սարսանգի ջրամբարի մասին:

Դրանց գումարվեց ևս մեկ խնդրահարույց հարց. օրեր առաջ Ադրբեջանից ապաստան խնդրած  հայ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի արարքը: Եվ անշուշտ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն օգտագործելու է այս փաստը հակահայ քարոզչության համար:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միանշանակ ադրբեջանցիներն իրենց ելույթներում անդրադառնալու են «նման փառահեղ առիթի» և անգամ ենթադրում է, թե որ պատվիրակը «այդ կենդանու հարցազրույցի որ հատվածն է օգտագործելու»:

Տիկին Զոհրաբյանը վստահեցրեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումը հստակ է. «Ամեն տեղ էլ կարելի է գտնել նման մեկ կամ երկու անասուններ և օգտագործել: Ես ընդամենը ցավում եմ երեխայի համար, բայց դա խոսակցության այլ թեմա է»:

Դառնալով զեկույցներին՝ տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ այս նստաշրջանի օրակարգում ոչ ԼՂ, ոչ Սարսանգի վերաբերյալ զեկույցները ներառված չեն. «Ռոբերտ Վոլտերը չի հասցնի իր զեկույցը ներկայացնել, քանի որ այն պատրաստ չէ, ոչ էլ Սարսանգի վերաբերյալ զեկույցը Միլիցա Մարկովիչը կներկայացնի: Բայց համապատասխան հանձնաժողովներում՝ սոցիալական ու քաղաքական, Վոլտերը և Մարկովիչը կներկայացնեն այդ զեկույցները: Վոլտերի զեկույցի մասին հայկական պատվիրակության դիրքորոշումը հստակ է. շարունակելու ենք բոյկոտել մի զեկույց, որի պատրաստման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Այն ադրբեջանաթուրքական լոբբիի արդյունքում է ծնվել: Վոլտերը այդ զեկույցի հետ ունի կապ այնքան, ինչքան ես Մեծ Բրիտանիայի թագի հետ: Այդ զեկույցը վաղուց գրված դրված է Լոնդոնի համապատասխան կառույցում, և Վոլտերը կամ նրա իրավահաջորդը այս զեկույցը ամենահարմար պահին, երբ այն լինի ավարտված, ոչ շուտ, քան հունվարյան նստաշրջան, դրա տակ կդնեն իրենց ստորագրությունը»:

Մարկովիչի զեկույցի մասին տիկին Զոհրաբյանն ասաց, որ այն պատրաստում է «մի կիսագրագետ տիկին, որն այդպես էլ չհասկացավ, որ Սարսանգը գտնվում է ԼՂՀ-ում:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս փաստերը խոսում են ԵԽԽՎ-ի որպես մի կառույցի մասին, որին չի հետաքրքրում իր հեղինակությունը:

Մեր դիտարկմանը՝ այս պարագայում հնարավո՞ր է ԵԽԽՎ-ն լուրջ վերաբերվի Ադրբեջանից ապաստան խնդրած հայի վերաբերյալ՝ ադրբեջանցիների փաստարկներին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Մտավախություն չունենք, քանի որ բոլորն է հասկանում են, որ ցանկացած երկրում կարելի է գտնել մեկ կամ մի քանի նման կենդանիների, անասունների ու ստահակների, որոնց միշտ էլ օգտագործում են քարոզչական նպատակով: Միանշանակ վստահ եղեք, որ անպայմանորեն մենք մեր հստակ դիրքորոշումը և′ այն անասունի, և′ նրան օգտագործողների մասով կներկայացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930