Այսօր «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթի ժամանակ հարձակման է ենթարկվել «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը: Ծեծողները, որոնց մոտեցել են ցույցի մասնակիցներից մի քանիսն ու հարցուփորձ արել, պատասխանել են՝ հատուկ ծառայություններ կամ հատուկ գործողություններ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
«Տղաները լավ չեն լսել, կամ ներկայացել են հատուկ ծառայություններ, կամ ասել են՝ հատուկ գործողություններ ենք անում: Երբ երթն ավարտվել էր, եւ մարդիկ տարբեր ուղղություններով էին քայլում, Սմբատը դեպի Հանրապետության հրապարակ էր քայլել, դեպի Աբովյան փողոց: Մի պահ խմբից առաջ է ընկել, ականատեսներն ինձ պատմեցին, որ մի քանի հոգի երթի ժամանակ հետապնդում էին Հակոբյանին, հենց նկատել են՝ նա առանձնացել է խմբից, մոտեցել են, հետո մտցրել են ինչ-որ մի բակ, երկաթյա դուռ է եղել, շինարարության տեղ էր: Այդ երկաթյա դռան մոտ կանգնած էր մեկը, որ թույլ չտա ներս մարդ մտնի, մնացածները սկսել են ծեծել Սմբատին: Ականատեսներից մեկը մոտեցել է նրանց, որ ասի՝ ո՞ւր տարաք Սմբատին, նրանք ինչ-որ վկայական են ցույց տվել, ու ասել են՝ հատուկ ծառայություն, կամ հատուկ գործողություն, ու շարունակել են ծեծել Սմբատին: Նրանք քաղաքացիական հագուստով են եղել: Այս ծեծողները դեռ Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկից հետապնդել են Սմբատին»,- պատմեց պարոն Աղայանը՝ ներկայացնելով դեպքի ականատեսների պատմածները:
Պարոն Աղայանն ասաց, որ Սմբատ Հակոբյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց. «Ըստ երեւույթին քարով հարվածել են գլխին, քանի որ ասում են՝ ուժեղ արնահոսում էր»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր «Հայազն» կուսակցությունը երթ էր կազմակերպել դեպի ՀՀԿ գրասենյակ. Երթին մասնակից Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի դիմաց իր ելույթում կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին:
Aravot.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է այս հակաիշխանական կոչերը լինեին Հակոբյանին ծեծի ենթարկելու պատճառը, Արմեն Աղայանն ասաց, որ դա կարող էր լինել ինչպես հատուկ, նպատակային Սմբատին պատժելու փորձ, այնպես էլ երթի մասնակիցներից որեւէ մեկին՝ ելույթ ունեցողներին պատժելու փորձ. «Կարող է մի պատճառ էլ լինի, որի մասին չգիտենք: Եթե անգամ ինչ-որ բաներ խոսել է Սմբատը, չեմ կարծում, որ դրանք անօրինական բաներ էին, եթե նույնիսկ անօրինական էին, ապա պատասխանը հաստատ ծեծը չպիտի լիներ: Եթե սպառնալիք կամ անօրինական բան է ասել, թող ոստիկանություն կանչեին: Ականատեսներին այդ վկայականն էլ, որ ցույց են տվել, նրանք չեն կարողացել տարբերել՝ կե՞ղծ Էին, թե՝ ոչ: Ծեծողները միջին տարիքի տղամարդիկ էին, ու բավականին հաղթանդամ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից