Սեպտեմբերի 13-17-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթին, որին մասնակցել են լավագույն երգիչներ 10 երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ուկրաինա, Սերբիա, Ռումինիա, «Գրան Պրի» մրցանակին արժանացել է գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորան՝ Արեւիկ Թանաշեանը:
Նշենք, որ նա հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո, իսկ այդ նախագծին մասնակցելու առաջարկ ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհով» ասոցիացիայի կողմից, Սոֆիա մեկնելու ծախսերն էլ հովանավորել էր ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը:
Գյումրեցի երգչուհին դասական վոկալ անվանակարգում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ Լեոնորային գյումրեցիները հիշում են «Անուշ» օպերայից. այս օպերայի 100-ամյակը նշելիս նա գլխավոր դերակատարուհին էր:
Այսօր երգչուհին ու նրա ամուսինը՝ բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ներկայացրեցին իրենց զգացողությունները: Պրոդյուսեր Վիգեն Թանաշեանն ասաց, որ սա իրենց երկրորդ անընդմեջ հաղթանակն է, առաջինը այս տարվա հունիսին Երեւանում տեղի ունեցած «Կովկասյան առաջնություն» միջազգային մրցույթն էր, որտեղ Լեոնորան դարձյալ «Գրան Պրի» մրցանակի է արժանացել, սակայն հանդես է եկել Լիբանանի դրոշի ներքո: «Մենք երեխա ունենք, «Կովկասյան առաջնության» ժամանակ նա չորս ամսական չկար, մի կողմից երեխուն հոգ կտանեի, որ երեխան ձայն չհաներ, մյուս կողմից կհետեւեի երգչուհու փորձերուն, բեմական շարժումներուն: Երեխան դարձավ 7 ամսական, մենք հասանք Սոֆիա, ավելի բարդ էր, որովհետեւ ինչքան երեխան մեծանա, այնքան պիտի չարանա, նորմալ երեւույթ է, բայց հակառակը՝ երեխու տանջանքին, դժվարությանը մենք նորից կըրցանք հաղթահարել դժվարություն»,- ասաց երգչուհու լիբանանահայ ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը:
Երգչուհին էլ ասաց, որ մրցույթին պարտադիր պետք է ներկայացնեին երկու կատարումներ, որոնցից մեկը պետք լիներ հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտարերկրյա: Նա կատարել է Կոմիտասի «Կռունկը» եւ Լուիջի Արդիտիի «Bacio»-ն (Համբույր): «Ասեմ, որ ցանկացած համերգի ժամանակ Կոմիտասը մեր պարտադիր ցանկի մեջ է, մանավանդ, երբ մենք ելույթ ենք ունենում արտասահմանում: Իսկ այս անգամ, քանի որ մրցույթ էր, պատասխանատվությունն ավելի մեծացավ, որ մենք ներկայացնենք մեր մեծությանը: Գիտենք, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Կոմիտասին, բայց եւս մեկ անգամ ուզեցինք ապացուցել նրա հոգեւոր մեծությունը, ընտրեցինք «Կռունկը», ուզեցինք մեկ անգամ եւս ասել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակ ենք նշում: Եվ հենց Բուլղարիայի մեջ էր անհրաժեշտ ներկայացնել Կոմիտաս, քանի որ Բուլղարիան դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար մեծ պատասխանատվություն էր իրենց բեմից հայտնել, որ ցեղասպանությունը եղել է, մենք հիշում ենք ու ձեր հողի վրա մեկ անգամ եւս ներկայացնում ենք այդ փաստը», -ասաց Լեոնորան:
Երգչուհին պատմեց, որ ինքն անչափ նյարդայնացած էր մրցանակաբաշխության օրը, հերթով հայտնում էին, թե որ երկրի ներկայացուցիչը որ տեղը գրավեց ու Հայաստանի անունը չէր հնչում: «Երբ հերթով հայտնեցին. երրորդ տեղ՝ Մոլդովա, երկրորդ տեղ՝ Սերբիա, առաջին՝ տեղ Իտալիա, ու ես կանգնած սպասում եմ, որ գոնե մի տեղ ասեն Հայաստանին, ամոթ է, վերջը այսքան մարդ է հավաքվել, հսկայական դահլիճ է… Մրցանակաբաշխությունը իրենց մշակույթի պալատում էր տեղի ունենում, որը հսկայական շինություն է, դահլիճը 3000 տեղանոց էր, իրենց քաղաքապետն էր նստած, մշակույթի գործիչները, հյուրեր Իտալիայից, Մոլդովայից, Սերբիայից, Իսպանիայից… Ասում էի՝ ինչ ամոթ է, բա մեր երկրի անո՞ւնը, մեկ էլ առաջ եկան, թե «Գրան Պրի»՝ Արմենիա: Ինձ համար մեծ ցնծություն էր, նույնիսկ մի պահ թվաց, թե սխալ եմ լսել, բայց երբ առաջ եկան գավաթով, նոր հասկացա, որ հաղթանակը մերն է: Եվս մեկ անգամ ապացուցեինք, որ հայ մշակույթը հզոր է ու հաղթանակը Կոմիտասինն էր», -իր զգացողություններով կիսվեց երգչուհին:
Aravot.am-ի այն հարցին, թե օտար հանդիսատեսը ինչպե՞ս ընկալեց կոմիտասյան կատարումը, երգչուհին ասաց, որ մրցանակաբաշխությունից հետո, երբ իրենք անցել են փողոցով հյուրանոց հասնելու համար, խմբով մարդիկ են կանգնած եղել, որոնք սկսել են «Կռունկի» առաջին տողերը կատարել ու բղավել՝ «Բռավո Արմենիա»: Նշենք, որ մրցանակաբաշխությունը ուղիղ եթեր է հեռարձակվել Բուլղարիայի հանրային հեռուստատեսությամբ:
Երգչուհին լրագրողների խնդրանքով մամուլի ասուլիսի ժամանակ կատարեց Կոմիտասի «Կռունկ»-ը:
Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են Հայաստանի մշակույթի գերատեսչությունում ու Շիրակի մարզի, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժիններում արձագանքել այս հաղթանակին, երգչուհու ամուսինն ասաց. «Տակավին ոչ մի արձագանք ստացած չենք»: Մշակույթի նախարարությունից ընդհանրապես չեն արձագանքել, Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում էլ տեղադրել են «Արմենպրես»-ի Գյումրու թղթակից Արմենուհի Մխոյանի հոդվածն այս մասին: Ըստ նրա, կարեւորն այն է, որ իրենք օտար հողի վրա Հայաստանի դրոշը, հայի անունը բարձր են պահել, իսկ թե մշակույթի նախարարությունում կամ այլ գերատեսչությունում այս մասին կիմանան, թե ոչ, այնքան էլ կարեւոր չէ, իրենք գիտեն:
Վերջիններս ոչ մեկից էլ պահանջ չունեն, թեեւ նշում են, որ ֆինանսապես շատ դժվար է մասնակցել միջազգային մրցույթների, անչափ ծախսատար են դրանք: Կա նաեւ մեկ այլ մտահոգող խնդիր՝ ֆինանսավորողը ինքն է թելադրում, թե որ երկրի դրոշի տակ պիտի հանդես գա կատարողը: Երգչուհու ամուսինն ասաց, որ օրինակ՝ «Կովկասյան առաջնության»-ը մասնակցելիս Լեոնորան ստիպված էր մասնակցել Լիբանանի դրոշի տակ, որովհետեւ հովանավորն այդ երկրից էր, նրա պայմանն էր դա:
Նա միաժամանակ շեշտեց, որ Լեոնորայի առաջին սկավառակը՝ հայկական հոգեւոր երգերի հավաքածուն թողարկվել է արաբ երգչուհի, համաշխարհային աստղ Ֆեյրոզի որդու միջոցներով, ձայնագրվել է հենց նրա ստուդիայում:
Նշենք, որ երգչուհու մեկնաբանմամբ, իր բեմական անունը՝ Լեոնորան, իր իսկական անվան՝ Արեւիկի հունարեն թարգմանությունն է: Բեմական անուն ձեռք է բերել միջազգային մրցույթների մասնակցելու նպատակով, Եվրոպայի պահանջով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Aravot.am-ի ու Լեոնորայի ֆեյսբուքյան էջից