Այսօր Ազատության հրապարակում Անկախության օրվա առթիվ Civil Voice կազմակերպության անդամները նախաձեռնեցին «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագրով ավանդական ակցիան: Հրապարակում տեղադրված հատուկ արկղում քաղաքացիները հավաքեցին զինվորների համար նախատեսված նվերներ եւ անհրաժեշտ պարագաներ:
«Հասարակական կազմակերպությունները եւս պետք է մասնակցեն պետություն-քաղաքացի կապի ամրապնդմանը, ինչին նպաստում է նաեւ նմանօրինակ ակցիան: Այսպես քաղաքացին իր չափով հոգում է զինվորների կարիքները: Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց դա չի խանգարում, որ մենք էլ մասնակցենք այդ գործին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Civil Voice ՀԿ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը:
Նշենք, որ ակցիայի մեկնարկին արկղը տեւական ժամանակ դատարկ էր, որոշ քաղաքացիներ անգամ ցանկացան գումար դնել, սակայն կազմակերպիչները նրանց բացատրեցին միջոցառման նպատակը:
Կարդացեք նաև
Այս պահին արկղում արդեն նվերներ կան, հիմնականում՝ հիգիենայի պարագաներ: Նվերներով լի արկղը, Պաշտպանության նախարարության հետ գործակցությամբ, այս անգամ եւս կուղևորվի սահմանային զորամասերից մեկը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ