Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսքներիցս երեւո՞ւմ է, որ սարսափած ենք»

Սեպտեմբեր 21,2015 15:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` «Ոչ»-ի ճակատի
եւ երեկ խորհրդարանական ամբիոնից հնչած ելույթների մասին

– Դուք դե՞մ եք սահմանադրական բարեփոխումներին: Ինչո՞ւ էր Արամ Մանուկյանն ասում, որ ՀՀԿ-ականներից շատերը դեմ են, ու Ձեր անունը հնչեցրեց:

– Ոչ, իր ելույթի ժամանակ ես տեղից ասացի` անուններ տուր, ինքն էլ ասաց` Վահրամ Բաղդասարյանը:

– Հնարավո՞ր է՝ պարզապես անկեղծացել եք իր մոտ:

– Եկել եք՝ ում ինչ հարց եք տալիս: Ես տեղից իրեն ստիպում էի, որ անուններ տա, որովհետեւ դա սադրանք է: Դուք գիտեք իրենց խմբակցության վիճակը` կան մարդիկ՝ «կողմ» են, կան, որ քննարկում են, եթե երկու հոգի էլ «դեմ» կա, ապա նրանք էլ իրար են «դեմ»: Այդ իսկ պատճառով պետք է ինչ-որ խլրտում մտցնի եւ ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ է անում ՀՀԿ-ի հետ կապված: Դրա համար էլ ես նրան հորդորում էի, որ անուններ տա: Ինքն էլ, բնականաբար, պետք է ՀՀԿ խմբակցության ղեկավարի անունը տար:

– Վերջին օրերի իրադարձություններից մեկ հետեւություն է` իշխանությունը բավական գեղեցիկ ձեւով քանդեց նաեւ փոքր ընդդիմադիր դաշտը` ՀԱԿ-ի վիճակը, ինչպես ասում են, վիճակ չէ, «Ժառանգությունն» էլ ըստ էության գոյություն չունի:

– Բայց «Ժառանգությունը» ե՞րբ է եղել խմբակցություն: Դուք կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ է եղել «Ժառանգություն» խմբակցություն, ե՞րբ է վերջին անգամ խմբակցության նիստ եղել: Խաչատուր Քոքոբելյան` անհատ անձնավորություն, որը վաղուց հայտարարել է, որ ինքը կապ չունի այդ խմբակցության հետ: Ալեքսանդր Արզումանյան` ինքնուրույն մարդ, ունի իր ինքնուրույն կարծիքները, որոնք որեւէ անգամ չեն համընկել այն մարդկանց կարծիքների հետ, ովքեր իրենց կոչում են, այսպես ասած, այդ խմբակցության տերը: Ռուբեն Հակոբյան` արմատներով դաշնակցական, իր գաղափարախոսությունը՝ դաշնակցական, եւ նա որեւէ անգամ չի հրաժարվել իր գաղափարախոսությունից: Թեւան Պողոսյան` ինքնուրույն անձնավորություն, ով իր յուրաքանչյուր ելույթի ժամանակ ասում է, որ իր անունից է ելույթ ունենում, բավական օբյեկտիվ, կառուցողական առաջարկություններ է անում: Ո՞վ մնաց էլ, ի՞նչ խմբակցության մասին է խոսքը: Ես ցավում եմ, որ այդ մեկ մնացած անձնավորությունը պարզապես վարկաբեկում է այն քաղաքական ուժը, որի անունից ինքը պատահականորեն հայտնվել է խորհրդարանում:

Նույնը` ՀԱԿ-ը: Ի՞նչ ընդդիմության քայքայելու մասին է խոսքը. իրենք իրենց ներսում արդեն քայքայվել են: Ի՞նչ քայքայման մասին է խոսքը, երբ իրենց գործը մենք ենք անում: 100 տոկոս համամասնական ընտրակարգը եւ խորհրդարանական մոդելը եղել է իրենց երազանքը: Այդ գործն այսօր մենք ենք անում, եւ այդ մարդիկ կամ մարդկային խմբերը «դեմ» են նրա համար, որ մենք «կողմ» ենք:

– Այդ քաղաքական ուժերը խորհրդարանից դուրս են միավորվել` ՀԱԿ, ՀԺԿ, «Ժառանգություն», ԱԻՄ եւ մանր-մունր կուսակցություններ, հասարակական շարժումներ: «Ազգային փրկության» ճակատ են ձեւավորել եւ պատրաստվում են փրկել մեզ: Իշխող ՀՀԿ-ն շա՞տ սարսափած է դրանից:

– Տեսքներիցս երեւո՞ւմ է, որ սարսափած ենք: Ես զարմանում եմ այդ «Ոչ»-ի ճակատ կոչեցյալից: Ի՞նչ է նշանակում «ոչ», եթե հիմնավորումներ չունեն: Ինչ-որ անհատական եւ անձնական պատճառաբանություններ են բերվում: Պարզապես ասում են «ոչ», որովհետեւ ցանկացած մոդելի պարագայում իրենք չեն կարող մասնակցել ընտրությունների եւ հավաքել անհրաժեշտ ձայների քանակ: Այդ պատճառով ուզում են քաղաքական դաշտում աննորմալ իրավիճակ լինի, երկնքից էլ խնձոր ընկնի, որ իրենք դառնան միապետ: Այդ մարդկանց, կարծում եմ, պետք չէ լուրջ ուշադրություն դարձնել: Եթե քաղաքական լինեին իրենց պատճառաբանություններն ու մեկնաբանությունները… Այդպիսի մարդիկ ընդդիմության մեջ կան: Օրինակ` Հրանտ Բագրատյանը. մարդը սկզբունքորեն դնում է եւ հիմնավորում է, որ ինքը երկրի ապագան այս կտրվածքով է տեսնում, իսկ այս տարբերակն իր սկզբունքներին դեմ է: Բայց մարդիկ, առանց կարդալու, ասում են` «դեմ» ենք: Այդ չկարդացողների մեծ մասը կարդալուց հետո եկավ բանակցությունների:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր շատ թե քիչ քաղաքական կշիռ ունեցող մարդիկ են, որոշեցին իրենց նման անհարմար վիճակի մեջ դնել:

– Որովհետեւ իրենք անձնական վիրավորանք ունեն, որը պիտի արտահայտեն: Չեն կարողանում քաղաքական ձեւով անել, անում են «Ոչ»-ի ճակատ ստեղծելով, մի բան, ինչը բազմիցս չի հաջողվել:

Վերջին տարիներին, նաեւ իրենց մարդկային ռեսուրսը կորցնելով, այդ մարդիկ տեսնում են, թե որտեղ մի հարյուր հոգի կա հավաքված, փորձում են նրանց «տեր կանգնել»: Վառ օրինակը ԲՀԿ-ի հավաքներն էին, որտեղ անմիջապես հայտնվեցին այդ մարդիկ ու փորձում էին դերակատարումը իրենց վրա վերցնել: Բայց հանրությունն այդ ամենը տեսնում եւ գնահատում է:

Համենայնդեպս, ես չէի ցանկանա, որ երկրի նախագահ եղած մարդը նման մանր մանիպուլյացիաների մեջ մտներ: Նախագահն ինձ համար սիմվոլ է եղել, ես կցանկանայի, որ դա պահպանվեր:

– ԲՀԿ-ից խոսեցիք. տակավին վերջերս նախագահ Սարգսյանը բավական կոշտ պիտակներով, անգամ վիրավորանքներով խոսեց Գագիկ Ծառուկյանի մասին, իսկ այժմ համարյա ամեն շաբաթ նրանք միասին որեւիցե միջոցառման են մասնակցում…

– Դուք խառնում եք: Խոսքը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին էր, իսկ այժմ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես գործ չունի քաղաքականության հետ: Սերժ Սարգսյանը որեւէ պիտակ չի կպցրել բարեգործ եւ գործարար Գագիկ Ծառուկյանին, նա կարող է իր գործը շարունակել: Որեւէ քաղաքացի, ով մի բան է անում, ինչը գնահատվում է նախագահի մակարդակով, նախագահը կարող է լինել նրա կողքին:

– Այսինքն՝ երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ էր զբաղվում, նրա բիզնեսները «մաքուր» չէին, հիմա, երբ չի զբաղվում, «մաքո՞ւր» են:

– Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ էր զբաղվում եւ որեւէ միջոցառում էր անում` եկեղեցի էր բացում եւ այլն, նախագահը նորից եղել է նրա կողքին: Իսկ «մաքրության» հետ կապված` հանձնարարականներ կան, ստուգումները շարունակվում են:

– Ե՞րբ կավարտվեն դրանք:

– Պատկան մարմիններից հարցրեք:

– Ազգի փրկիչների շարքում երեկ սահմանադրական բարեփոխումների մասին իր ելույթում Ալեքսանդր Արզումանյանը նաեւ իշխանություններին հեգնեց` «Ես պարզեցի, որ լիքը փրկիչ ունի հայ ժողովուրդը, ու վխտում է հանրապետությունը փրկիչներով: Բոլորը փրկում են՝ եւ բոլորը շատ պարզունակ բաղադրատոմս ունեն փրկության: Մեկը ասում է՝ գրիր «այո», կփրկվես, մյուսն ասում է՝ գրիր «ոչ» ու կփրկվես»:

– Ես նման գնահատականներ չեմ տա եւ սահմանադրական «այո»-ն կամ «ոչ»-ը փրկության հետ չեմ կապի: Ես բազմիցս կրկնել եմ, հիմա էլ կրկնում եմ` սա ապագային միտված փոփոխություն է: 1990-ականներից խոսվում էր համամասնական ընտրակարգի մասին, ես այն ժամանակ էլ ասում էի, որ ամեն ինչ ներդաշնակ ձեւով պիտի կատարվի, աստիճանաբար իջեցնելով: 200-ից ավելի մեծամասնականից հասել ենք 41-ի, հիմա էլ գնում ենք համամասնականի: Այն ժամանակ էլ, երբ որեւէ կուսակցության անդամ չէի, ես ասում էի, որ նորաստեղծ երկրում, այն էլ սովետական համակարգից հետո, շատ բարդ կլինի միանգամից խորհրդարանական համակարգը ներդնել, քանզի ակտիվ ժողովրդավարական պետություն ստեղծելը կարող էր կործանարար լինել: Ունեցանք նախագահական, կիսանախագահական, հիմա էլ գնում ենք խորհրդարանականի: Ես լրիվ կողմնակից եմ այսօր խորհրդարանական մոդելին անցմանը: Այս բարեփոխումներն էլ անհրաժեշտություն են. մենք չկարողացանք անել, շատ չի ձգվելու, շատ արագ փոփոխվելու է:

– Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթում մեղադրեց, որ այսչափ կարեւոր փաստաթղթի քննարկման համար ՀՀԿ-ն պատշաճ ներկայություն չի ապահովել: Խմբակցության ղեկավարը դուք եք. չե՞ք կարողացել գեներալներին, մականունավոր պատգամավորներին դահլիճ բերել:

– Ես չեմ հիշում, թե այսպիսի բուռն քննարկումներ խորհրդարանում ե՞րբ են եղել: ՀՀԿ-ն էլ բոլոր քննարկումներին ակտիվ է եղել, առաջարկներ են արել: Բոլորը պառլամենտում են` դահլիճ են գալիս, աշխատասենյակ են գնում, ելույթների վրա են աշխատում:

– Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին Մարգարիտ Եսայանի հայտարարությունը բուռն քննարկվեց, նրա երեկվա ելույթն էլ կրքոտ էր, հնարավո՞ր է՝ խմբակցությունում նախատինքի արժանանա:

– Դրանք անձնական կարծիքներ են, ու ես ե՛ւ մեր խմբակցության անդամներին, ե՛ւ ընդդիմադիրներին խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ նախագահի անունն օգտագործելուց, մանավանդ՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված:
Ինչ մնում է ելույթին` կրքոտ ելույթներին կրքոտ ելույթներով պատասխանել է պետք: Որեւէ մեկին չենք կարող ասել` այսինչ տոնայնությամբ հանդես եկեք: Քաղաքական գործիչներ են, ամեն մեկը մտքերն արտահայտելու իր ձեւն ունի: Տարբեր անհատականություններ են, ամեն մեկը մի ձեւով դրսեւորում է իր կարծիքը: Նման հարցեր մենք ընդհանրապես չենք քննարկում: Այլ հարց, եթե ՀՀԿ-ի քաղաքական կուրսին չի համընկնում այդ կարծիքը:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930