«Շատերը չեն գիտակցում անկախության արժեքը: Եթե պատմականորեն նայենք, պատմության ողջ ժամանակահատվածում մենք ունեցել ենք դավաճաններ, եւ բոլորս էլ շատ լավ գիտենք, թե այդ դավաճանների ճակատագիրը ցանկացած պարագայում ինչպես է հյուսվում: Դավաճանություն ոչ մեկը չի սիրում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսպես անդրադարձավ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին:
Գլխավոր դատախազն ասաց, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու պայմանով. «Երբ հիմքերը բավարար են եղել, նրան առաջադրվել է մեղադրանք եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այսինքն, այնպես չի, որ հենց հանցագործություն եղավ, մարդուն պիտի ձերբակալենք կամ կալանավորենք: Երբ որ հիմքերն ունեցել է Քննչական կոմիտեն, այդ ժամանակ մեղադրանք է առաջադրվել եւ այդ ժամանակ է կալանավորման համար միջնորդություն ներկայացվել: Հենց կա հանցագործության մասին փաստ, դա չի նշանակում, որ մարդուն պետք է անազատության մեջ պահես մենակ նրա համար, որ հանկարծ ինքը դավաճանություն չանի»:
Լրագրողների դիտարկմանը, որ հեշտությամբ նա սահման է անցել, չնայած ստորագրություն է տված եղել՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Խնդիրը հեշտության կամ չհեշտության մասին չէ: Երբ որ մարդու նկատմամբ ընտրված չի կալանավորումը՝ որպես խափանման միջոց, այդ մարդու անցումը սահմանի վրա չի կարող արգելակվել: Այստեղ այլ հարց է՝ արդյոք նախաքննության մարմինը անձնագիրը վերցրե՞լ է, թե՞ չի վերցրել: Սա արդեն քննարկման առարկա է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ