Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հետ հույս չի կապում. գյուղում բիզնես է հիմնել

Սեպտեմբեր 21,2015 14:30

70-ն անց Շահեն Մովսիսյանը, ինչպես ասում են՝ «գլուխ քորելու» ժամանակ չունի. առավոտից երեկո Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի այս գյուղացին զբաղված է իր բիզնեսը ծաղկեցնելով:

Նա մեղվաբուծությամբ է զբաղվում, նախկինում էլ էր նույն գործն անում, բայց փեթակները քիչ էին, աշխատանքը՝ թեթեւ:

Կար ժամանակ, երբ Շահեն Մովսիսյանը սեզոնին արտագնա աշխատանքի էր մեկնում. ասում է՝ հիմա դանակը կոկորդին էլ դնեն՝ չի գնա: Շահեն պապին հաշվել է, թե իր համագյուղացիներից քանիսն են մեկնել արտագնա աշխատանքի, ու ցավով նշում է. «Մեր գյուղում տուն չկա, որ դրսում մարդ չունենա, գյուղից երեւի 130 երիտասարդներ գնացել են խոպան, որը՝ սեզոնային, որը՝ արդեն մշտական: Շատ վատ է, գյուղում ջահելություն չկա, իմ տարիքից ներքեւ մարդիկ շատ քիչ են մնացել, այսինքն՝ ջահել ու միջին տարիքի մարդիկ քիչ են»:

Շահեն Մովսիսյանը գյուղից վերջնական որոշեց չբացակայել ու ոտք չդնել խոպան տեղերը, երբ նրան օգնության ձեռք մեկնեցին, հոգսը թեթեւացրեցին, ու հիմա բիզնեսից գոհ է: Մովսիսյանն անցյալ տարի մասնակցել է «Մարդը կարիքի մեջ» (People in need) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ Հայ օգնության միության կողմից «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրին:

Այս ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:

Shahen_Movsisyan

Շահեն Մովսիսյանը 75 այլ միգրանտների հետ անցել է նախապես կազմակերպված հատուկ դասընթացներ, ներկայացրել մեղվաբուծության վերաբերյալ իր ծրագիրը: Այս գործում ինքը հմուտ է, ուստի իր բիզնես-ծրագիրը կազմակերպիչները հավանել են ու ֆինանսավորվել բիզնեսը: «Այդ ծրագրի աջակցությամբ գնել եմ 330 հազար դրամ արժողության ունիվերսալ փայտամշակման հաստոց, 1.5 միլիոն դրամանոց «Ford» մակնիշի մեքենա: Այդ մեքենայով գնում եմ հարեւան գյուղ` Աղնջաձոր, մեղուներիս խնամում: Եթե մեքենան չլիներ, գործս բարդ կլիներ»,- պատմում է Շահեն Մովսիսյանը: Բացի մեղրի արտադրությունից՝ քարագլուխցի ձեռներեցը նաեւ պատրաստում է արկղեր եւ շրջանակներ` սեփական գործի եւ վաճառքի համար:

shahen-movsisyan

Հպարտությամբ, գոհունակությամբ նա մեզ հետ կիսվում է իր բիզնես հմտություններով. «Բարդու 1 խորանարդ մետրը 20-25 հազար դրամով առնում եմ հենց գյուղից, արկղերը պատրաստում եւ հատը 1000 դրամով վաճառում: Ինձ գովազդ պետք չի. բերնեբերան իմ մասին իմացել են, արդեն սաղ գիտեն, մեր գյուղն էլ, հարեւան 4 համայնքներն էլ»:
Մինչ ծրագրի աջակցությունը՝ Մովսիսյանը 2 անգամ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու. ասում է՝ ստիպված է գնացել, բա ընտանիքը մի ձեւ պիտի պահեր՝ «թե չէ՝ գյուղում մասուր հավաքելով, մի երկու փեթակ պահելով՝ տուն չես կարա պահես, մեծ ընտանիքի չես կարա կշտացնես»: Ռուսաստանում Շահեն Մովսիսյանը տարբեր գործեր է արել, հիմնականում՝ շինարարական: Սկզբում վարձատրությունը վատ չէր, ասում է՝ այնքան էլ լավ չէր, բայց դե, չեղածից էլ լավ էր: Մովսիսյանի պատմելով՝ առաջին տարին, չնայած, «գրպանը լիքը» չի եկել գյուղ, բայց ոչինչ, յոլա գնացել են, բայց հաջորդ տարի էլի մեծ հույսերով մեկնել է Ռուսաստան, ու դատարկաձեռն վերադարձել:

«Հիմա գյուղի պայմաններում այդքան էլ շատ չէ եկամուտը, բայց բավարար է, որ գյուղից դուրս չգնամ: Գյուղում անգործությունը շատ է: Այնպես եմ ուզում, որ բոլորը կարողանային մասնակցել այդ ծրագրին, եթե այդ ծրագրին էլ չէ, ապա գոնե նման ծրագրերի, ու օգնություն շատ լինի գյուղացիների համար, որ մարդիկ, առավել եւս՝ ջահելները մնան, գործ ունենան, իրենց տուն-տեղը չթողնեն գնան ռուսաստանները: Օրինակ՝ ես անդադար աշխատում եմ, ամսական 200-300 հազար դրամ եկամուտ եմ ունենում: 37 հազար դրամ էլ թոշակ եմ ստանում: Կնոջս առողջությունը լավ չի, թոշակ էլ չի ստանում, բայց ինձ օգնական է, կարում ենք մնանք, ապրենք գյուղում, մի բան էլ տղաներիս եմ օգնում»,- ասում է Շահեն Մովսիսյանը:

Ծրագրի շահառուն պատմում է՝ այս տարի մեղրը այդքան էլ շատ չէր, բայց եղածն էլ որակով է եղել. ասում է՝ դե, բիզնես է, էլի, մի անգամ լավ կլինի, մի անգամ՝ էնքան էլ չէ, ու քանի որ մեղվաբուծությունը նրա պապերից ժառանգած գործն է, եթե մեղրը քիչ էլ լինի՝ չարչարանքը՝ շատ, էլի շարունակելու է նույն գործով զբաղվել. «Կարեւորը, որ էլ չեմ գնա դրսերը գործ անելու: Հիմա լավ է՝ գործը կա, եւ ես էլ ազատ շունչ քաշելու ժամանակ չունեմ: Աղնջաձոր գյուղում էլ 30 մեղվի փեթակներ ունեմ, մի 40 հատ էլ աներոջինս է, էլի ես եմ խնամում ու շատ էլ գոհ եմ: Մեղուներին լավ եմ հասկանում, իմ նախնիներից եկած բան է: Պապս 1828 թվականին Պարսկաստանից որ եկավ Հայաստան, ուրիշները հետները ոսկի են բերել, պապս՝ 2 փեթակ մեղու, ու այդ օրվանից պապական մեղվապահությունը փոխանցվել է: Շատերը չգիտեն մեղվի գաղտնիքները, իսկ իմ հայրը ինձ սովորեցրել է, օրինակ՝ փեթակի մեջ մայր մեղվին հեշտ գտնելու ձեւը. մատով խփում ես փեթակին, եւ որտեղից մեղուները խմբով դուրս են գալիս, այդտեղ էլ մայր մեղուն է, քանի որ մայր մեղուն միշտ պաշտպանող մեղուներով է շրջապատված»:

Մովսիսյանն ասում է, որ իր գործում բարդը արջին «քշելն է». «Դե, մեր մոտերքը բոլորն են էդ գործով զբաղված, հատկապես գարնանն է դժվար, էս գարնանը մի արջ եկել էր՝ մի գյուղացու վնաս էր տվել, գոմի դուռը ջարդել մտել էր՝ անասունին վերցրել ու գնացել: Հարեւաններիցս մեկի մեղուներին ամեն օր հյուր էր գալիս արջը, օրական մի փեթակ մեղր ուտում՝ գնում: Իմ մեղուները լավ ապահով են` փշալար եւ փշոտ ճյուղերով ծածկել եմ: Նոր բան եմ մտածել. մարդկանց ձայնից մոտ չի գալիս, ես էլ մտածում եմ՝ ռադիո տեղադրեմ, որ ձայներից մոտ չգա»:

Մովսիսյանը նեղսրտում է, որ երիտասարդ սերունդը չի սիրում գյուղատնտեսությամբ զբաղվել, ասում է՝ ծույլ են, ու բացատրում, թե ինչն է պատճառը, իսկ պատճառը զարգացած տեխնիկայի դարն է. «Խոտ չեն քաղում, անասուններին չեն տանում դաշտում արածացնեն, աշխատանք չեն անում: Մի նախադասությունով ասեմ ՝ երիտասարդությունը փչացավ ինտերնետի պատճառով: Սաղ օրը էդ ինտերնետի մեջ չգիտես՝ ինչ են անում, թե դրանից ինչ հաճույք են ստանում, էդ ինտերնետի պատճառով ջահելները թամբալանում են: Երանի նենց մի բան մտածեն գյուղացիների համար, հատկապես ջահելների, որ մեր հողը, ջուրը սիրեն, կպած մնան գյուղին»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ. Վայոց ձորի մարզ լրագրողների այցելությունը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչությունը:

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930