«Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը հայոց ազգային բանակի ստեղծումն է: Արցախյան պատերազմի տարիներին հայոց բանակը տարավ փառավոր հաղթանակներ եւ այսօր էլ համարվում է ամենամարտունակներից մեկը: Հիշենք, թե ինչ պայմաներում անկախացանք, երբ սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Խորհրդային զորքերի աջակցությամբ Ադրբեջանը փորձեց հայաթափել Գետաշենն ու Շահումյանը: ԽՍՀՄ ուժերի ճնշման տակ այդ շրջանները դատարկվեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:
Անկախության տարիների մյուս ձեռքբերումները նա համարում է պետականության կայացումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատումը, խոսքի, մամուլի ազատության գաղափարների ամրագրումը, ինչպես նաեւ բազմակուսակցական համակարգը:
Անդրադառնալով անկախության տարիների բացթողումներին՝ Էդիկ Մինասյանը նշեց, որ տնտեսությունը մինչեւ հիմա ուշքի չի գալիս սեփականաշնորհման գործընթացի թերություններից. «Հողերի սեփականաշնորհումը պետք է աստիճանաբար իրականացվեր, ինչպես ցույց է տվել այլ երկրների փորձը: Բայց հողի բաժանումը խախտումներով կատարվեց եւ ոչ համաչափ: Արդյունաբերական ձեռնարկությունների ապապետականացման ժամանակ թանկարժեք սարքավորումներ վաճառվեցին: Այսօր չկան այդ ձեռնարկությունները, որպեսզի տնտեսությունը զարգանա»:
Aravot.am-ը Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է անկախության սերնդի մասին: «Այսօրվա երիտասարդները նոր գաղափարներով եւ մտածելակերպով են համակված եւ երբեք չեն հանդուրժի օտարի տիրապետությունը: Այս սերունդը անկաշկանդ գործելու հնարավորություն ունի, ինչը չունեինք մենք: Իհարկե, կան ծայրահեղություններ՝ արտաքին աշխարհաքաղաքական իրադրությունների ֆոնին, բայց այսօրվա սերունդն իսկապես ձեռքբերում է»,-ասաց պատմաբանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ