Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքում են «Առավոտի» հրապարակմանը

Սեպտեմբեր 21,2015 14:00

«Առավոտի» օգոստոսի 28-ի՝ «Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը» հոդվածում Հայաստանում ամերիկացի ներդրող Դեյվիդ Բեքեթն անդրադարձել էր մեր երկրում գործող բիզնեսի, այսպես ասած, պատժիչ մեխանիզմին: Գործարարը, որը հիմնել է «Գրին Բին» սրճարանը, հատ-հատ ներկայացրել էր այն ստուգող տեսչական մարմինները, որոնք այցելել էին սրճարան եւ տուգանքներ նշանակել: Տուգանողներից մեկն էլ եղել է սննդի անվտանգության պետական ծառայությունը, որն արձագանքելով հրապարակմանը՝ խնդրի վերաբերյալ տվել է պարզաբանում. այն ամբողջությամբ ներկայացնում ենք: «Սեպտեմբերի 15-ին «Առավոտ» օրաթերթում անդրադարձ է եղել «Գրին Բին» սրճարանին 2014 թվականին տուգանելու դեպքին, մասնավորապես՝ հստակեցվել է, որ ոչ թե առողջապահական պետական տեսչությունն է տուգանք նշանակել, այլ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Սրճարանի սեփականատերն ավելի վաղ հրապարակման մեջ դժգոհել էր՝ ասելով, որ նոր աշխատող սրճարանին միանգամից տուգանք են նշանակել 300 հազար դրամի չափով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս առիթով տեղեկացնում է, որ «Դավան Գրուփ» ՍՊԸ-ում, որին պատկանում է «Գրին Բին» սրճարանը եւ գործում է 2012 թվականից, 2014-ի մայիսին իրականացվել է պլանային ստուգում՝ պատրաստի սննդամթերքի վաճառքը, համաձայն ռիսկայնության գնահատման մեթոդաբանության, համարվում է բարձր ռիսկային: Ստուգվել է հանրային սննդի կազմակերպման եւ սուրճի մանրածախ վաճառքի գործունեությունը, որի ընթացքում բացահայտվել են սննդամթերքի մակնշմանը, ինչպես նաեւ սննդամթերքին եւ սննդի կառույցներին ներկայացվող հիգիենիկ եւ պահման պահանջների խախտումներ:
2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ՝ «Դավան Գրուփ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի՝ 130.000 դրամի չափով տուգանք: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նշված խախտումների համար նախատեսված է տուգանք 100-300 հազար դրամի չափով:

Տուգանքի գումարը վճարվել է ՍՊԸ-ի կողմից»:

Հ.Գ. Նշենք, որ մեր հրապարակման մեջ ոչ մի տող չկա, որտեղ գրված կլինի, թե այդ տեսչական ստուգումներն ապօրինի են եղել. օտարերկրացի գործարարը պարզապես նշել է, որ սկսնակ բիզնեսին առաջին իսկ հայտնաբերած խախտումի դեպքում տուգանելը հիասթափեցնում է տնտեսվարողներին, առավել եւս Հայաստանի նման երկրում, որտեղ, ինչպես գործարարն էր ասել՝ մաքուր բիզնես անելը թանկ հաճույք է: Դեյվիդ Բեքեթն առաջարկել էր՝ փոքր ու միջին բիզնեսում եթե ստուգող մարմինը առաջին անգամ է խախտումներ հայտնաբերում, ապա լավ կլինի նախ՝ գործի նախազգուշացման մեխանիզմը, ժամանակ հատկացվի խախտումները վերացնելու համար, եթե չի անի, ապա նոր տուգանք կիրառվի:

Մեր հոդվածում արծարծված խնդիրն այնքան էլ տուգանքի չափերը չէին, որքան բուն տուգանելու կառավարության քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930