Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի հանցակցի մականունը «Ջուգ» էր՝ «Վանաձորցի Քյարամի» որդին

Սեպտեմբեր 21,2015 13:30

«Բանդա 2» գործով

Կարեն Վարդանյանը համաձայնեց ցուցմունք տալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ անցյալ տարվա մայիսից շարունակվում են տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարելու, փոխանակման կետերից մեկի աշխատակցին սպանելու, «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու, կազմակերպված խումբ ստեղծելու եւ խմբի անդամ լինելու գործով դատական քննությունները:

Ամբաստանյալ Կարեն Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն մեղավոր է ճանաչում «3-րդ մասի չենջում» կատարված գողության՝ ավազակային հարձակման գործով, իսկ ապօրինի զենք պահելու համար, սպանության եւ բանդիտիզմի մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ նպատակ չի ունեցել սպանել տարադրամի փոխանակման կետի աշխատողին: Ի դեպ, երբ նույնը պնդեց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, տուժողի եղբայրը՝ իրավահաջորդը, չդիմացավ, եւ տեղից նրան «վիժվածք» անվանեց: Դատավոր Արշակ Վարդանյանը տուժողի իրավահաջորդի նկատմամբ սանկցիա կիրառեց եւ դուրս հրավիրեց դահլիճից: Ամբաստանյալն ասաց, թե ոչ ոքի չի ուզել սպանել, «գոտկատեղից ներքեւ է խփել»:

Ցուցմունք տալիս նա նաեւ նշել էր, որ ունեցել է ֆինանսական խնդիրներ եւ որոշել է գողություն կատարել, սակայն տարբեր պատճառներով չի ստացվել: Իսկ երկու տարի առաջ հունվարի 12-ին, երբ հանդիպել է Հայկ Կոջոյանին ու Ռաֆայել Հարոյանին, վերջիններս հրաժարվել են իր հետ գալ գողության՝ ասելով, թե մարդու պետք է հանդիպեն` «բազառ ունեն» հետը: Ինքը վիճելով նրանց հետ՝ նստել է «Նիվա» ավտոմեքենան եւ հեռացել է նրանց մոտից: Ըստ ամբաստանյալի, շինանյութի շուկայի մոտ հանդիպել է իր ծանոթ Վահանին, ում առաջարկել է իրար հետ գնալ ու չենջից գողություն կատարել:

Վահանն ընդունել է նրա առաջարկը եւ երկուսով գնացել են չենջի մոտ: «Ես 100 դոլարանոց տվեցի Վահանին, որպեսզի վերջինս այն մանրի ու տեսնի՝ արդյոք հարմա՞ր է գողությունը կատարելու համար, թե՞ ոչ: Վահանը գումարը մանրելով՝ հետ եկավ ու ասաց, որ ամեն ինչ նորմալ է, կարելի է մտնել: Գումարը մանրելուց հետո երկուսով եկել ենք չենջի մոտ, մեքենայի մեջ հագել ենք դիմակները եւ մտել չենջ: Մոտս պահվող ատրճանակը պահել եմ չենջի աշխատողի վրա՝ նրան վախեցնելու համար ու պահանջել եմ գումար, սակայն աշխատակիցը հարձակվել է վրաս, ստիպված կրակել եմ ոտքերի ուղղությամբ, երկրորդ անգամ կրակել եմ, երբ նա փորձել է փախչել»,-ասել է ամբաստանյալը: Կարեն Վարդանյանը նկարագրել է, թե ինչպես է վերցրել գումարները եւ վազելով նստել են մեքենայի մեջ: Մեքենան քշելուց հետո, Վահանը վիճել է իր հետ այն պատճառով, թե ինչի կրակեցիր ու իջնելով մեքենայից՝ թողել ու հեռացել է: Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե Վահանը մահացա՞ծ է, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Աստված ոչ անի, ջահել տղա է»:

Պաշտպանի հարցին էլ պատասխանել է, որ Վահան անունով տղան այժմ Արթիկի բերդում է, նրա մականունն էլ «Ջուգ» է, իսկ հայրն էլ «Վանաձորցի Քյարամն» է:
Նա սեպտեմբերի 17-ի դատական նիստի ժամանակ էլ հայտնեց, որ ամբաստանյալներ Ռաֆայել Հարոյանն ու Հայկ Կոջոյանը կապ չեն ունեցել այս սպանության հետ:
Ռաֆայել Հարոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտի» հարցին, թե Վահանի անունն առաջին անգամ տրվեց այս գործով, ինչ միջնորդություններ կհետեւեն, պատասխանեց, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը պետք է այս հիմքով քրեական գործ հարուցի եւ կամ՝ հրաժարվի իր պաշտպանյալի մեղադրանքից:

Հայկ Կոջոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ֆերոյանն էլ «Առավոտի» այս նույն հարցին պատասխանեց. «Ինչպես նախկինում նշել եմ, սույն քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը գործել է որդեգրված արատավոր սովորությամբ` ոչ թե ապացույցների հիման վրա է որոշել հանցագործություն կատարած անձին, այլ անհիմն դատողություններով ընտրել նրան, այնուհետեւ բոլոր ապացույցները հարմարեցրել նրան: Ասվածի վառ օրինակ է համարվում նաեւ այն, որ բոլոր ապացույցներն ի սկզբանե հարմարեցված են եղել այն անձի հետ, ով վաղուց արդեն մեղադրյալ չի համարվում եւ կալանքից ազատվել է արդարացման հիմքով: Այդ անձի վերաբերյալ ապացույցներն այնպես պրոֆեսիոնալ կերպով էին հարմարեցվել, որ դրանց ուսումնասիրությամբ կասկած անգամ չէր կարող առաջանալ, որ հանցագործությանը նա չի մասնակցել: Նույն դատապարտելի պրոֆեսիոնալիզմով հարմարեցվել են նաեւ ապացույցները ներկայիս մեղադրյալների մասով եւ դա հետեւանք է այն բանին, որ գրեթե բոլոր վկաները, այդ թվում նաեւ՝ հանցագործներին տեսածները, քրեական գործի համար առանցքային նշանակություն ունեցող վկաներից Կարեն Ասլանյանը եւս բեկումնավոր կերպով փոխել են իրենց ցուցմունքները՝ ենթադրյալ հանցագործի դիմագծերի մանրակրկիտ նկարագրության դրվագով»:

Պաշտպանն ակնարկեց հանցագործների հագին եղած հագուստների գույների, ինչպես նաեւ նրանց հասակի մասով տրված վկայությունները:

Պաշտպանական կողմը գտնում է, որ Կարեն Ասլանյանը նշված հանգամանքների վերաբերյալ փոխել է իր ցուցմունքները, քանի որ քննությամբ ապացուցվել էր, որ դեպքի օրը Հայկ Կոջոյանի եւ Կարեն Վարդանյանի հագին եղել է ոչ թե սպիտակ, այլ գորշ գույնի հագուստ, նրանք ոչ թե բարձրահասակ են, այլ երկուսն էլ ցածրահասակ են. «Հետեւաբար, եթե Կարեն Ասլանյանը չփոխեր իր ցուցմունքները, ապա այս դեպքում կրկին կհիմնավորվեր հանցագործությունը նրանց հենց երկուսի կողմից կատարված չլինելու հանգամանքը»:

Ըստ փաստաբանի, Հայկ Կոջոյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված են նաեւ այն, որ իբրեւ ավազակային հարձակման ժամանակ Հայկ Կոջոյանը եւս գտնվել է տարադրամի փոխանակման կետում եւ Կարեն Վարդանյանի կողմից կատարված կրակոցը միջանցիկ ձեւով անցել է նրա բազկի միջով եւ կպել տուժողին: «Գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Հայկ Կոջոյանի արյան գեթ մի կաթիլ առկա չի եղել ինչպես դեպքի վայրում, այնպես էլ տուժողի մարմնի եւ հագուստների վրա: Այս չափազանց կարեւոր հանգամանքն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայկ Կոջոյանը չի գտնվել դեպքի վայրում եւ այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել: Հակառակ մոտեցման պարագայում անհնարին է փամփուշտի ուժգին ելքի հետեւանքով հրազենային վնասվածք ունեցող անձի արյունը չթափվեր տուժողի մարմնի եւ հագուստների վրա կամ դեպքի վայրում: Ուշագրավ է նաեւ այն, որ տուժողի մարմնից հանված գնդակի վրա եւս Հայկ Կոջոյանի արյան հետքեր չեն հայտնաբերվել, ինչը դարձյալ ապացուցում է, որ Հայկ Կոջոյանը դեպքի վայրում չի գտնվել եւ այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել: Անհնարին է անգամ պատկերացնել նաեւ այն, որ գնդակը կարող է միջանցիկ ձեւով անցնել անձի մարմնի միջով, սակայն չարյունոտվի, իսկ դեպքի վայրում եւ տուժողի մարմնի ու հագուստի վրա արյուն չթափվի»,-ասաց Ա. Ֆերոյանը:

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը Ռաֆայել Հարոյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում, մասնակիցների կազմը համալրելու համար, բանդայում ընդգրկել է նաեւ Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման շրջանակներում, նրանք ապօրինի կերպով ձեռք են բերել զենք, «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետեւել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը կատարել է նաեւ սպանություն: Ամբաստանյալների մեջ են երկու կին՝ Էդիտա Ալիխանյանը եւ Գոհար Գաբրիելյանը:

Է. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ է հափշտակել՝ նախնական համաձայնության գալով ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ:

Գոհար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչեւ 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Էդիտա Ալիխանյանի եւ վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.900 ԱՄՆ դոլար գումար եւ 23.923.795 ՀՀ դրամ։

Դատական հաջորդ նիստը կշարունակվի սեպտեմբերի 24-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930