Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում իշխանության վերնախավը հակաինտելեկտուալ է»

Սեպտեմբեր 21,2015 13:00

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ գրահրատարակչության մարտահրավերների մասին

Վերջերս «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է գրահրատարակչական ոլորտի ամենամյա երկու ծավալուն միջոցառումների՝ Մոսկվայում գրքի միջազգային տոնավաճառին, Լվովում գրքի միջազգային ֆորումին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանը փաստեց, որ մոսկովյան տոնավաճառին մասնակից երկրների թիվը երեք եւ ավելի անգամ նվազել էր նախկին տարիների համեմատ. «Այս տարի, տանտերերից բացի, մասնակցում էին ոչ ամենադեմոկրատ պետությունները՝ Սերբիան, Իրանը, Հայաստանը, Բելառուսը: Մեծածախ շուկայում գրքի գինը ընկել էր մինչեւ կիլոգրամը 5 ռուբլի: Սա ցուցանիշ է, որով կարելի է պատկերացում կազմել հասարակության արժեհամակարգի անկման մասին: Իհարկե, հասկանալի է, որ տնտեսական, հոգեւոր ճգնաժամ կա Ռուսաստանում, բայց որ մշակութային արժեքի գինը, այս դեպքում՝ գրքինը, 100 անգամ անկո՞ւմ ապրի…, սա էլ ցույց է տալիս Ռուսաստանի այսօրվա իրական վիճակը»:

Antares_1
Ինչ վերաբերում է նաեւ Լվովում կայացած գրքի միջազգային ֆորումին (տոնավաճառ, գրական, թարգմանչական փառատոն եւ այլն), մեր զրուցակիցը հայտնեց, որ Ուկրաինա էր հրավիրված շուրջ 30 երկիր. «Սա այն դեպքում, երբ ուկրաինական արժույթը՝ հրիվնան, անկում է ապրել առնվազն 4 անգամ, այսինքն՝ շատ ավելի, քան Ռուսաստանում: Դրան գումարած՝ պատերազմ է, բազմաթիվ ներքին խնդիրներ կան…, բայց պիտի ասեմ, որ ուկրաինացու մեջքը ուղղվել է, նա հպարտ է քայլում: Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը 5 օր տեւած ֆորումի ընթացքում անցկացվեց 800 միջոցառում: Սա Լվովում ավանդական դարձած ֆորումի 20 տարիների ընթացքում կայացած ամենահաջողված միջոցառումն էր: Նշեմ նաեւ, որ բացի արտերկրյա հյուրերից, Ուկրաինայի տարբեր ծայրերից ավելի քան 40 հազար մարդ եկել էր գիրք գնելու»: Պարոն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ համեմատելով ռուսական եւ ուկրաինական միջոցառումները, եթե առաջին հայացքից միայն թվային տարբերություններ են երեւում, ասենք՝ մասնակից երկրների թիվը, ապա ավելի խորաթափանց հայացքը անպայման կնկատի ուկրաինական պետության եվրոպական ուղին բռնած առավելությունը:

Antares_2
Խնդրեցինք ներկայացնել իր «դերակատարումը» երկու միջոցառումներին: «Ես վարպետության դասեր անցկացրի՝ ներկայացնելով վերջին շրջանի մեր ունիկալ ձեռքբերումները: Օրինակ, ցուցադրեցի լրացված եւ վիրտուալ իրականությունների տեխնոլոգիայի կիրառումը ընթերցանության խթանման գործում (առաջին լուսանկարում), ինչը մեծ հետաքրքրության առաջացրեց լսարանում»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Նրա ձեւակերպմամբ՝ լսարանում ներկաները «շշմել» էին «Անտարեսի» հրատարակած 9-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքից, որտեղ զետեղված լուսանկարները սմարթֆոնի կամ այֆոնի օգնությամբ կենդանանում են (երկրորդ լուսանկարում): Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այս եղանակով ուկրաինական դասագրքեր հրատարակելու առաջարկ են ստացել, ինչպես նաեւ հետաքրքրություն է առաջացրել գրադարանների, թանգարանների եւ թատրոնների «աշխուժացման» եւ ամենակարեւորը՝ երեխաներին ինտերնետից կյանք բերելու իրենց ծրագիրը: «Օրինակ, թանգարաններում կիրառվող աուդիո սարքերի փոխարեն առաջարկում ենք ավելի նոր տեխնոլոգիաներ, ինչը ներկայացրինք այնտեղ: Դա վիրտուալ իրականության այցեքարտ դարձած Մարտիրոս Սարյանի «Հայաստան» պանոն է (4D տեխնոլոգիաներ), որն իրականացրել ենք նկարչի տուն-թանգարանի հետ համատեղ» (երրորդ լուսանկարում),- ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը:

Հարցին՝ գրահրատարակչության, ընթերցանության առումով ի՞նչ վիճակ է տիրում Հայաստանում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր ներդրած ջանքերին հակառակ՝ արդյունավետությունը ցածր է, քանի որ մեր երկրում իշխանության վերնախավը հակաինտելեկտուալ է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Լավ կլիներ մեկ մեկ գիրք կարդայիր, Արմեն: Բիզնեսը միշտ կա ու կա:

Պատասխանել