ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը նշված պաշտոնում նշանակվել է 48 տարեկանում: Ներկայիս նորանշանակ նախարար ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը 32 տարեկան է: Aravot.am-ը պարոն Դանիելյանից հետաքրքրվեց` նման պատասխանատու պաշտոնը վստահել այդպիսի երիտասարդ կադրի արդյոք վտանգավոր չէ՞, Գևորգ Դանիելյանը պատասխանեց. «Ես այդ հարցը ոչ կոռեկտ եմ համարում: Ես էլ ավելի երիտասարդ տարիքում` 28 տարեկանում դատախազությունում ստորաբաժանում էի ղեկավարում, այն էլ խորհրդային տարիներին, ինչն ընդհանրապես ընդունված չէր այդ համակարգում: Նաև ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչո՞ւ է հանրությունը հիշում իմ` արդարադատության նախարար լինելը, այլ ոչ թե 20 տարի դատախազությունում իմ կատարած աշխատանքը, որն ավելի նշանակալից է»:
Գևորգ Դանիելյանը նկատեց, թե այնքան էլ իրավաչափ չէ, որ անձն իրենց հետո տվյալ պաշտոնում եկած անձի հասցեին գնահատականներ հնչեցնի: Ըստ պարոն Դանիելյանի` նրանք, ովքեր գնահատականներ են հնչեցնում, նախ, պետք է փորձեն բոլոր ընդունելի եղանակներով աջակցել նորանշանակ նախարարին:
Այդ առիթով ասաց. «Երբ աջակցումը լինի, և նախարարը կարողանա արդյունավետ աշխատանք տանել, դա կլինի ողջունելի, իսկ եթե լինեն թերություններ, կլինեն նաև քննադատություններ: Ինքս համոզված եմ, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ կստացվի»:
Գևորգ Դանիելյանը նաև շեշտեց, թե նախարարի պաշտոնը քաղաքական է, և ամենևին էլ «պարտադիր չէ, որ այդ պաշտոնում լինի ոլորտի լավագույն մասնագետը, կամ որ նա լինի ոլորտի բոլոր մասնագետների կողմից ընդունված: Սա քաղաքական նշանակում է, և այդ անձը պիտի քաղաքական դաշտում ընդունված լինի, կարողանա համակարգել կարող ուժերին և արդյունավետ կազմակերպել աշխատանքները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ