Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր կուսակցությունների պերճանքն ու թշվառությունը

Սեպտեմբեր 21,2015 12:00

Խորհրդային տարիներին եթե կոմունիստ չէիր, ճիշտ է՝ պաշտոն չէիր ստանում, բայց եթե բարձրակարգ մասնագետ էիր, հասարակության մեջ որոշակի հարգանք էիր վայելում: Ավելին. հատկապես մշակույթի եւ գիտության բնագավառներում անկուսակցականներն ավելի էին հարգված, քան կուսակցականները: Անկուսակցականները նույնիսկ Գերագույն խորհրդի պատգամավոր էին «ընտրվում», այսպես կոչված՝ անկուսակցականների բլոկից:
Անկախացած Հայաստանի խորհրդարանում էլ եղել են ու կան անկուսակցական պատգամավորներ, բայց դրանց թիվը գնալով նվազում է եւ շուտով կհավասարվի զրոյի: Մանավանդ՝ եթե սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան եւ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացվեն:

Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրություններին գրեթե բոլոր կուսակցություններն ու կուսակցականները կողմ են: Բնական է, որ կողմ կլինեն, որովհետեւ իրենց ընտրվելու շանսերը մեծանում են, իսկ անկուսակցականներինը՝ փաստորեն զրոյանում: Հարյուրտոկոսանոց համամասնականի դրականը թերեւս այն է, որ անհամեմատ կդժվարանան օլիգարխների ու մեծահարուստների՝ պատգամավոր դառնալու շանսերը, չնայած օլիգարխներն ու մեծահարուստները կարող են ընդգրկվել ոչ միայն կուսակցություններում, այլեւ կուսակցական ցուցակների ամենավերեւներում ու վերստին պատգամավոր դառնալ: Համապատասխան վարձավճարով՝ իհարկե: Ինչպես որ արել եւ անում են: Փաստորեն, այս դեպքում նույնպես շահողը կուսակցություններն են:
Այսուհանդերձ, հարյուրտոկոսանոց համամասնականին ալտերնատիվ չկա, որովհետեւ մեծամասնականի «խերն» արդեն տեսել ենք եւ մեծամասնականով «ընտրվածներից» ավելի քան կուշտ ենք:

Վատն այն է, որ հարյուրտոկոսանոց համամասնականի անցնելու դեպքում կսկսվի Հայաստանի քաղաքացիների համատարած կուսակցականացումը, եւ առաջին հերթին կուսակցական կդառնան օլիգարխները, մեծահարուստներն ու թաղային հեղինակությունները, որովհետեւ շատ շուտով պարզ կդառնա, որ եթե որեւէ կուսակցության տանիքի տակ չես, ոչ միայն անպաշտպան ես, այլեւ խաղից դուրս վիճակում: Նույն պատճառով նաեւ շարքային քաղաքացիներն ու մտավորականներից շատերը կուսակցական կդառնան:

Այսպիսի դեպքերում ասում են՝ ո՞րն է ելքը: Ճիշտն ասած՝ ինքս էլ չգիտեմ:
Քանի որ մեր երկրում ամեն ինչ դեռեւս որոշվում է ամենավերեւից, թերեւս միակ ելքն այն է, որ իշխանությունները խստիվ արգելեն պատգամավոր դառնալ նրանց, ովքեր պատգամավորների մակարդակին գոնե փոքր-ինչ չեն համապատասխանում:
Սա, իհարկե, մարդու իրավունքների ոտնահարում է, բայց, փաստորեն, այլ տարբերակ չկա: Բայց այս տարբերակն էլ դժվար թե աշխատի, որովհետեւ այս տարբերակը միայն ժողովրդին է ձեռնտու: Այս տարբերակը նույնիսկ կուսակցություններին ձեռնտու չի, որովհետեւ այս տարբերակի դեպքում կուսակցություններին ֆինանսավորող դժվար թե գտնվի: Իսկ աղքատ կուսակցությունը, ինչպես աղքատ քաղաքացին, մեր օրերում որեւէ դեր ու նշանակություն չի կարող ունենալ: Խորհրդարան կմտնեն այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ ֆինանսական ռեսուրսներ ու մեծահարուստ անդամներ ունեն: Ինչպես նաեւ նրանք, ում իշխանությունները խորհրդարանում տեսնել կցանկանան:

Փաստորեն, մոտավորապես նույն վիճակը կմնա: Եթե, իհարկե, ավելի չվատանա:
Ըստ ամենայնի, ավելի կվատանա, ընդ որում, ինչպես միշտ, ժողովրդի վիճակը կվատանա, որովհետեւ, ինչպես միշտ, ժողովուրդն անկուսակցական է: Ճիշտ է, շարքային քաղաքացիներից շատերն ընդգրկվում են կուսակցությունների մեջ եւ ընտրությունների ժամանակ այս կամ այն կուսակցության համար ակտիվորեն աշխատում են, բայց բուն ժողովուրդը հիմնականում անկուսակցական է. այսինքն՝ բուն ժողովուրդը, ինչպես միշտ, խաղից դուրս վիճակում է: Հետագայում էլ այդպես կլինի: Ինչ վերաբերում է կուսակցություններին, նրանցից շատերն էլ, ինչպես հիմա, խաղից ու քաղաքականությունից դուրս կմնան, որովհետեւ քաղաքական դաշտը գերհագեցած է, եւ իրենց գլուխը հաջողացնում են պահել այն կուսակցությունները, որոնք ոչ միայն ֆինանսական որոշ հնարավորություններ ունեն, այլեւ հանդուրժված են իշխանությունների կողմից: Ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների պահին թիվ 1 ընդդիմադիրի անունը կվաստակեն: Այսինքն՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հիմա է: Ընդդիմադիր կուսակցությունները հիմնականում իրար դեմ կպայքարեն, այլ ոչ թե իշխանությունների, որպեսզի ընդդիմադիր դաշտն իրենցով անեն եւ ժողովրդի ձայները հնարավորինս վաստակեն:

Այսինքն՝ խորհրդարան թափանցելու համար կատաղի պայքարը կշարունակվի, ընդ որում՝ ավելի կատաղի կշարունակվի, որովհետեւ պատգամավորների կենսաթոշակն էականորեն է բարձրացել: Իհարկե, մեր պատգամավորների մեծ մասի համար կենսաթոշակն էական նշանակություն չունի, բայց մեր օրերում բարձր կենսաթոշակը որոշակի պատիվ է՝ ինչպես խորհրդային տարիներին անհատական թոշակը: Էլ չեմ ասում, որ մանավանդ ընդդիմադիր կուսակցություններից ընտրված որոշ պատգամավորների համար կենսաթոշակի չափն իսկապես էական նշանակություն ունի, իսկ դա նշանակում է, որ թիվ մեկ ընդդիմադիրի կոչման համար պայքարն առավել կատաղի կլինի:

Այնպես որ՝ մեր դժվարին կյանքը շարունակվելու է՝ անկախ տարվա եղանակից, անկախ շոգից ու ցրտից եւ անկախ Սահմանադրության որակից: Ինչպես Օստապ Բենդերն էր ասում՝ սնդիկի սյունը նույնիսկ կուսակցականներին է ճնշելու:

Կներեք հոռետեսությանս համար:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930