Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստա´ն, կգա օրը, և մենք կշնորհավորենք քեզ Միավորման Օրվա կապակցությամբ. armenian-community.ge

Սեպտեմբեր 21,2015 11:08

Ահա արդեն 24 տարի է, ինչ ամեն օր, բայց հատկապես սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը ազգային հպարտություն զգալու հիմնավոր պատճառ ունի: Հպարտություն զգալ, որ մենք ունենք Անկախ Պետություն: Մեր Պետությունը և Մեր Անկախությունը:

21-ը սեպտեմբերի. Մայրաքաղաք Երևանում, հայկական հեռավոր և մոտակա համայնքներում, գաղութներում ահա արդեն 24 տարի է, ինչ սեպտեմբերի 21-ը նշվում է որպես ազգային տոն` Հայաստանի Հանրապետության Անկախության Օր: Օր, երբ 1991թ. համընդհանուր հանրաքվեի արդյունքների համաձայն` այն ժամանակ դեռևս Խորհրդային Հայաստանի բնակչության 99% «կողմ» քվեարկեց հանուն Անկախության:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը բարձրաձայնեց աշխարհին իր պետականության վերականգնման մեկնարկի մասին: Հայտարարեց 1918-20թթ. Առաջին Հանրապետության իրավահաջորդը հանդիսացող Նոր Հայաստանի վերածննդի մասին:

Ավստրալիայից մինչ Կանադայի հյուսիսային սահմանները, Արգենտինայից մինչ Եվրոպա, Վրաստանից մինչ Մերձավոր Արևելք, յուրաքանչյուր հայի սրտում վառվեց Ազատության ջահը` երկար սպասված Անկախության լույսը:

Այդ ճակատագրական օրը ամբողջ աշխարհի հայերը բարձրաձայնեցին հարևաններին և աշխարհին, որ մեր ժողովուրդը կանգնել է Ազատ և Անկախ Հայաստանի կերտման ուղու վրա: Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կանգնել է մի ճանապարհի վրա, որը պետք է մեր հայրենիքին ուղղորդի դեպի Միացում:

Դեպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան տանող ուղին դժվարին է և վտանգներով լի:

Մեր ժողովրդի այս կարևորագույն ճանապարհի հետագա հաղթանակները կախված են միմիայն մեր ունակություններից, չնայած բարդություններին և հուսահատություններին` գնալ դեպի նպատակ: Գնալ միասին, ուս-ուսի:

Համատեղ ջանքերի և հավաքական աշխատանքի ուժով մենք պարտավոր ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր երազանքներին կյանքի կոչելու համար: Մեր նախնիների և մեր երեխաների երազանքի` Հայրենիքի Միավորման երազանքի համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի, հասցնենք մեր երազանքը տրամաբանական ավարտին: Մեր Հայրենիքն Ազատ, Անկախ և Միացյալ դարձնելու համար մեր ժողովուրդը պատրաստ է ցանկացած զոհաբերության, այդ թվում նաև գերագույն:

Մեր նախնիների շատ սերունդներ են երազել Երկրի Անկախության մասին: Երազում էին այն ժամանակ, երբ փաստացիորեն հույս չկար: Երազում էին այն պահերին, երբ տուն էին մտնում թուրքերը, թալանում էին, սպանում, ոտնակոխ անում, սովամահության մատնում: Երկրի Անկախության մասին երազանքը ապրել է, արմատներ գցել… Եվ ահա այսօր, մեր Երկրի Անկախության վերականգնումից 24 տարի հետո, ժամանակն է մի պահ մտածել` շատ հաճախ չե՞նք արդյոք մենք կենցաղային հարցերն առաջնային դարձնում և հեռանում գերագույն երազանքից…

Շնորհավո´ր Անկախության տոնդ, Հայաստա´ն: Եվ տա Աստված, որ գա այն օրը, երբ մենք միմյանց կշնորհավորենք Հայոց Աշխարհի` Հայքի Միավորման Օրվա կապակցությամբ:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930