Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀԿ-ականներին. «Եթե 2012-ի ընտրությունները համարում եք իրական, ինչո՞ւ այսօրվա քաղաքական օրակարգը արտացոլված չէր այնտեղ եւ արդյո՞ք ձեր կուսակցությունը հանրային քվե է ստացել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Պարզ է, որ ոչ»:
Դրանից հետո Թեւան Պողոսյանը ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ այցելել Բաղրամյան 26:
Սեպտեմբերի 20-ին Aravot.am-ը պարոն Պողոսյանից հետաքրքրվեց՝ Դուք այդ հարցերը Սերժ Սարգսյանի մոտ բարձրացրեցի՞ք, հարցրեցի՞ք, թե նրա կուսակցությունը հանրային քվե ստացե՞լ է, որ Սահմանադրական բարեփոխումներ է անում:
Նա պատասխանեց. «Մենք այդ հարցերը նախագահի հետ չէինք քննարկում: Ես գնացել էի՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-պատգամավոր, որը կուսակցական չի: Բարձրաձայնեցի քաղաքացիական հասարակության զարգացման միտված խնդիրները, հատկապես՝ ֆինանսական մեխանիզմների ապագան, որոնք թույլ կտան իրենց կայունությունն ու հարատեւությունը ապահովել: Մնացած հարցերը քաղաքական են: Ես ուզում էի հարցնել՝ եթե դուք հավատում եք, որ ձեր բարձրացրած քայլերն իրական են, ապա ինչո՞ւ մինչեւ հանրաքվե շատ հարցեր չեք լուծում»:
Կարդացեք նաև
Մենք նաեւ հարցրեցինք ՝ԱԺ-ում Ձեր ելույթում Դուք խոսում էիք ՀՀԿ-ի վերարտադրման մասին, Սերժ Սարգսյանին այդ մասին ասացի՞ք եւ ի՞նչ պատասխանեց: Թեւան Պողոսյանն ասաց, որ վերարտադրման մասին խոսել է, իսկ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին հետեւյալն ասաց. «Ի՞նչ պետք է ասեր, հիմա մանրամասներ չեմ պատմելու: Ասաց, որ արժեւորում են այս գաղափարները եւ եթե հիմա չանեն, երկիրը հետ է գնալու: Շատ բան են ասում, տեսնենք իրենց գործողությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ