Սեպտեմբերի 20-ին Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը պատմեց, թե ինչ հարցեր են քննարկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, երբ այցելել էր Բաղրամյան 26:
Նա ասաց, որ սա արդեն նախագահականից իրեն հասցեագրված երկրորդ հրավերն էր: Առաջին հրավերը մերժել է, հետո որոշել է, որ եթե կարող է որոշ խնդիրներ Բաղրամյան 26-ում բարձրաձայնել եւ լուծում ստանա, ինչո՞ւ չպետք է անի. «Մեր նախընտրական ծրագրով մենք ստացել էինք քվե, որ սահմանադրական բարեփոխումներ անեինք, գնանք պառլամենտական երկրի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Դա մեր պարտավորությունն էր: Դրա համար ես իմ ելույթում անդրադարձա այն ընդդիմադիրներին, որոնք ստացել էին հանրության քվեն՝ այդ օրակարգով զբաղվելու համար: Ես շատ լավ, պարզ գիտակցում եմ, թե ինչ արձագանքներ պետք է լինեին հանրության ինչ-որ մի մասի կողմից, պիտակավորումներ, նույնիսկ հայհոյանք, նույնիսկ վիրավորանք: Բայց եթե այս այցի շրջանակներում որեւէ մի բան կստացվի փոխել դեպի դրականը, ես ինքս ուրախ կլինեմ, որ կարողացա այդ քայլն անել: Իսկ եթե ոչ, ապա մեղավորը ես կլինեմ եւ որեւէ մեկի մեղադրելու խնդիր չունեմ: Ես գիտակցաբար եմ դա արել: Եթե մարդիկ համարում են, որ իրենք իսկապես ունեն բան ասելու եւ ունեն տեսլական, պետք է պայքարել իրենց տեսլականը կյանքի կոչելու: Բանակցություններից խուսափելը երբեւէ չի կարող համարվել ճիշտ քայլ»:
Մեր հարցին՝ այդ դեպքում, եթե նման համոզմունք ունեիք, առաջին հրավերն ինչո՞ւ մերժեցիք եւ չգնացիք, «Ժառանգությո՞ւնն» էր պատճառը՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ նախ պետք է քննարկեին եւ հարցեր բարձրաձայնեին, որ հասկանային, թե ինչքանով պատրաստակամություն կար լսելու: «Տեսանք, որ կար այդ պատրաստակամությունը: Ես համարեցի, որ պարտք պետք է լինի մասնակցեմ»:
Նա հիշեցրեց Ջոն Քենեդու խոսքերը՝ Աստված չանի, որ մենք վախից բանակցենք, այնպես անի, որ մենք չվախենանք բանակցելուց:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շատ սուր քննարկում է ունեցել եւ եթե հաջողվի որեւէ հարցի լուծում տալ, ապա միայն ուրախ կլինի. «Ես որեւէ մեկի չեմ պիտակավորում: Միշտ եմ ասել, որ ովքեր գնացել էին մինչ այդ հանդիպման, վատ բառապաշարով նրանց մասին չպետք է խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ