Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում էի ու չէի հավատում, որ սնդուկ դարձած դհոլն էլ սնդուկ չէ»

Սեպտեմբեր 20,2015 21:04

Մուսալեռցիները նշում են Մուսա լեռան հերոսամարտի 100 և Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղի հիմնադրման 75-ամյակները:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Լիբանանում և սեպտեմբերի 15-ից շարունակվում են Հայաստանում: Հայաստանյան միջոցառումներն սկսվել են հերոսամարտում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությամբ: Այցելություն է եղել Մուսա լեռան հերոսներից մեկի՝ Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին, տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի և հայ ազատագրական պայքարի պատմությանը նվիրված գիտաժողով, ցուցահանդես, գրքի շնորհանդես, կինոդիտում և այլն:

Միջոցառումների կարևոր բաղադրիչներից է նաև Մուսալեռ գյուղում հարիսայի պատրաստման և հյուրասիրության արարողությունը, որը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 20-ին:скачанные файлы скачанные файлы

Հարիսան մուսալեռցիների համար պատմական անցյալ և կարևոր խորհուրդ ունի. Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում պաշարված մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել և դրանցով են պատրաստել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը և, փաստորեն, կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

1915 թվականին, երբ հայկական այլ բնակավայրերի բնակիչների նման մուսալեռցիները ևս կանգնեցին գաղթի ու բնաջնջման սպառնալիքի առջև, նրանք չշտապեցին ենթարկվել թուրքական իշխանությունների հրամանին: Վեց գյուղերի բնակչության մի մասը բռնեց գաղթի ճանապարհը, մյուս մասը՝ մոտ 5 հազար մարդ, բարձրացավ Մուսա լեռ՝ ինքնապաշտպանության:

«Երբ թուրքերը, համախմբելով ուժերը, ցանկացել են հարձակվել մերոնց վրա, մերոնք գնացել են ջուրը նետվելու. ասել են՝ ավելի լավ է խեղդվենք, քան թուրքին գերի լինենք: Տատս մայրիկիս, որն այդ ժամանակ 5 ամսական է եղել, չի կարողացել ջուրը նետել, թողել է ճանապարհին մոտ գտնվող խոտածածկ մի տեղում՝ ասելով՝ կամ գայլի բաժին կդառնա կամ էլ՝ մարդու: Այդտեղով անցնելիս նրա քեռու աղջիկը հանկարծ տեսնում է գետնին դրված երեխային, ճանաչում է նրան ու վերցնում իր հետ: Բարեբախտաբար, չեն հասցնում ջուրը նետվել. ֆրանսիական նավերն օգնության են գալիս»,- Aravot.am-ին պատմեց մուսալեռցի 78-ամյա Անգին տատիկը:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Ի դեպ, Անգին տատիկը 130-ամյա դհոլ ունի, որով այսօրվա միջոցառման ժամանակ նվագում էր նրա որդին: Վերջինիս հենց ինքն է նվագել սովորեցրել. «Մեր ընտանիքում պապս, հայրս ու հորեղբայրս էին նվագում այդ դհոլով,- պատմում է մեր զրուցակիցը,- բայց երբ մահացավ հորեղբայրս, մերոնք էլ չէին նվագում (մի կողմից վիշտը, մյուս կողմից՝ սովը): Կարճ ժամանակ անց պապս էլ մահացավ: Հետո մեր բարեկամներից մեկը եկավ, խնդրեց հորս, որ դհոլը տանի նվագել սովորի: Բայց տարան փչացրին: Երբ մի օր գնացի նրանց տուն, տեսա, որ պապիս դհոլը դարձրել են սնդուկ: Շատ նեղվեցի, վերցրի բերեցի տուն, ամուսնուս խնդրեցի, որ վերականգնի այն: Ամուսինս այծի կաշի ճարեց (այն ժամանակ բավականին դժվար էր այծ գտնելը), մաքրեցինք, մշակեցինք ու քաշեցինք գլանաձև մարմնի վրա: Նայում էի ու չէի հավատում, որ պապիս՝ սնդուկ դարձած դհոլն էլ սնդուկ չէ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930