Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարը Մուսա լեռան հուշահամալիրում մասնակցեց պատարագին և հարիսայի օրհնության արարողությանը

Սեպտեմբեր 20,2015 19:18

Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մուսալեռի հուշահամալիրում կազմակերպված պատարագին և հարիսայի օրհնության արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ, ուխտավորներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից ՝ հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար պատարագ մատուցվեց, ապա Սիոն եպիսկոպոս Ադամյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, իրոք, տոն է հայոց աշխարհում. տարբեր երկրներից Հայաստան են ժամանել Մուսա լեռան հերոսների շառավիղները: Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Մուսա լեռան փառավոր 100-ամյա տարեդարձի առիթով: Հարյուր տարի առաջ թուրքն աշխարհի երեսից որոշեց ջնջել հայ ժողովրդին՝ թողնելով միայն մեկ հայ, այն էլ թանգարանում: Իրականություն չդարձավ նրա երազանքը: Հայի անպարտ ոգին ըմբոստացավ, և մուսալեռցիները անհավասար մարտում կարողացան հաղթել: Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի  կամք: Սիրելի մուսալեռցիներ շնորհակալ ենք, որ պահպանում եք մեր պապերի թողած բոլոր ավանդույթները, հատկապես խորին շնորհակալություն եմ հայտնում այնճարցիներին, որոնք մի յուրօրինակ, փոքրիկ Հայաստան են կերտել Լիբանանում և իրական Մուսալեռի ոգին ու շունչը կարողացել են պահպանել և փոխանցել սերունդներին»:

Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը ողջունեց տարբեր երկրներում և, հատկապես, Թուրքիայի Վագըվ գյուղում հաստատված մուսալեռցիներին, ովքեր,  հաղթահարելով  դժվարությունները, եկել են մասնակցելու միջոցառումներին:

Նախարարը շնորհավորեց ներկաներին նաև առաջիկա Անկախության տոնի առթիվ և ասաց. «Մեր պապերի ցանկությունն ու երազանքը իրականություն դարձավ 1991թվականին, և մենք, նրանց կամքին ու ոգուն համաձայն, վաղը միասնաբար նշելու ենք Ազատ, Անկախ Հայաստանի Հանրապետության տոնը, այդ հրաշալի առիթով շնորհավորում եմ բոլորիդ: Մենք նաև, ի հեճուկս, թուրքի, ոչ միայն Ազատ ու Անկախ Հայաստան, այլև Արցախի Հանրապետություն ստեղծեցինք: Այսօր մենք ունենք երկու անկախ հանրապետություն: Հիշե՛ք, Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, Հայաստանը բոլորինս է: Մենք ողբի ու որբի Հայրենիքից այսօր կառուցում ենք ազատ, անկախ, հզոր Հայաստան»:

 

Ներկաներին ողջունեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը, նա մասնավորապես ասաց. «Հայրենակիցնե՛ր,  մենք թուրքին հաղթած ժողովուրդ ենք, այս տոնակատարությունը հաղթանակի տոնակատարություն է, միշտ և ամենուրեք պետք է հպարտ լինենք  հայ  և մուսալեռցի լինելու համար, հայը հաղթանակած ազգ է այժմ, ընդմիշտ և հավիտյան»:

Մուսալեռցի գործիչներ Եսայի Հավաթյանը, Պերճ Ղազարյանը, Հակոբ Ջամբազյանը, Ժորժ Կևորկյանը Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի «Երվանդ Լալայան» հուշամեդալով և արժանացան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրման պայքարի պատմության ազգային թանգարանի բարեկամ տիտղոսին:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատուներ Գաբրիել Փանոսյանին թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար հանձնվեց շնորհակալագիր:

Ներկաներին իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Արսեն Գրիգորյանը (Մրոն),  մի շարք պարային խմբեր և անհատ կատարողներ:

Հանդիսության վերջում տեղի ունեցավ հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվեց ուխտավորներին:

 Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930