Ամառային տապակած բանջարեղենի խառնուրդը հայերս սովոր ենք այս անունով կոչել, թեեւ նման խառնուրդ կա գրեթե բոլոր միջերկրածովյան եւ կովկասյան ազգերի խոհանոցներում, եւ բոլորի մոտ այն տարբեր անուն է կրում: Իմամ բայալդին, ինչպես շատ ուրիշ սիրված եւ գրեթե բոլորին ծանոթ ուտեստները, պատրաստման բազմաթիվ եղանակներ ունի: Փորձեք նաեւ այս ձեւով, շատ համեղ է ստացվում:
Անհրաժեշտ մթերքները
Սմբուկ-5-6 հատ
Կանաչ եւ կարմիր թարմ պղպեղներ- 5-6 հատ
Կծու ծիծակ-1 հատ
Թարմ լոլիկ- 5-6 հատ
Սոխ-2 հատ
Սխտոր- 4 պճեղ
Բուսական յուղ- 1-2 բաժակ
Աղ
Սեւ պղպեղ
Խառը կանաչի
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Սմբուկի պոչիկները կտրել, կեղեւահանել, լվանալ: Լվանալ նաեւ պղպեղը եւ լոլիկը: Մաքրել եւ լվանալ սոխն ու սխտորը: Սմբուկը կտրատել կամ կլոր շերտերով կամ տաշեղաձեւ: Կտրատել նաեւ լոլիկը, սոխն ու սխտորը:
Թավայի մեջ բավականին շատ բուսայուղ լցնել, լավ տաքացնել: Սմբուկները տապակել: Երբ բուսայուղը շատ եք լցնում եւ սմբուկները ամբողջությամբ ընկղմվում են մեջը, շատ ավելի քիչ են ներծծում յուղը, քան քիչ լցնելու դեպքում: Ամեն դեպքում, տապակելուց հետո բանջարեղենը դրեք մի քանի շերտ թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներքաշվի թղթի մեջ: Եթե, այնուամենայնիվ, բուսայուղը թավայի մեջ վերջանա, ավելացրեք միայն այն ժամանակ, երբ թավայի մեջ բանջարեղեն չլինի:
Տապակեք նաեւ պղպեղները՝ նախապես կտրատված կամ ամբողջական:
Շատ քիչ բուսայուղով տապակեք սոխը, երբ լավ կարմրի, ավելացրեք սխտորը, ապա լոլիկը: Երբ լոլիկը իր հյութը դուրս տա, ավելացրեք տապակած սմբուկն ու պղպեղները, աղ եւ պղպեղ արեք, կրակը շատ ցածրացրեք, կափարիչը փակեք, եւ թողեք 10-15 րոպե բանջարեղենները միասին շոգեխաշվեն: Պարբերաբար խառնեք: Վերջում ավելացրեք կտրատած կանաչին եւ անջատեք:
Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում՝ որպես խավարտ կամ առանձին ուտեստ, այնպես էլ սառը վիճակում՝ որպես նախուտեստ կամ աղցան:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
19.09.2015