Այսօր ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպեցին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազք, որին մասնակցեցին տասնյակ ինչպես սիրող, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ հեծանվորդներ:
Մեկնարկը տրվեց Իսակովի պողոտայում գտնվող հեծանվահրապարակի մոտից եւ եզրագիծը հատեց ԱԺ բակում:
Վազքարշավի ավարտին Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը լրագրողներին ասաց. «Կարծում եմ, այս նախաձեռնությունը կդառնա ավանդական, քանի որ հանրությունն սկսել է ավելի ընդունել հեծանվային սպորտը: Ինքներդ տեսաք, որ երիտասարդների հետ մրցատարածություն մտան նաեւ տարիքով մարդիկ: Սպորտը Հայաստանում սիրված է, իսկ հեծանվային սպորտի աշխուժանալը, կարծում եմ, նաեւ մեր վերջին շրջանի ձեռքբերումների արդյունք է, երբ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը նվաճելուց մեկ ամիս հետո դարձավ նաեւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Մրցավազքի մասնակից երիտասարդներն ասում են. «Մենք անկախ երկիր ենք եւ մեր սերունդը մեր անկախ երկրում պիտի լինի առողջ սերունդ»: Իսկ մեր ֆեդերացիան առողջ սերունդ դաստիարակելուն զուգահեռ անում է ամեն բան, որպեսզի մեր հավաքականի հեծանվորդները հաջող մրցելույթներով ու հաղթանակներով Հայաստանի դրոշը ծածանեն աշխարհի տարբեր երկրներում»:
Կարդացեք նաև
Ինչպես եւ սպասվում էր, հեծանվավազքի հաղթող դարձան Հայաստանի հավաքականի անդամները՝ Դավիթ Մկրտչյան, Պավել Ստեփանյան, Մհեր Մկրտչյան հերթականությամբ: Էդգար Ստեփանյանը եզրագիծը հատեց չորրորդը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հաղթող դարձած Դավիթ Մկրտչյանին պարգեւատրեց գավաթով, դիպլոմով եւ մեդալով, Պավել Ստեփանյանին եւ Մհեր Մկրտչյանին՝ մեդալներով եւ դիպլոմներով, իսկ աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացավ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ