Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը խոսեց հրատապ խնդիրների մասին՝ ցավով նշելով, որ սիրիական հակամարտությունը գնալով թեժանում է: Նա ընդգծեց, որ առաջնահերթ են սիրիահայ աշակերտների անվտանգության և հայկական դպրոցների պահպանության հարցերը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց հայության բոլոր հատվածների համակողմանի աջակցությունը:
ՀՀ սփյուռքի նախարարը անդրադարձավ Սիրիայի որբանոցի և ծերանոցի պահպանության համար անհրաժեշտ ծախսերին, որոնք կհոգան բարերարները: Նա նշեց, որ 2015-2016թթ. ուսումնական տարում շարունակվելու է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը: Աշխատանքներ են տարվում բնակվարձերի փոխհատուցումներն առավել արդյունավետ և ընդգրկուն կազմակերպելու ուղղությամբ:
Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ առաջիկայում կկազմակերպվեն սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառներ, որտեղ վաճառվող ապրանքներից հավաքված գումարները լրացուցիչ ֆինանսական աջակցություն կլինեն Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների համար:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը ներկայացրեց միության իրականացրած աշխատանքները. սիրիահայ ուսանողների վարձավճարների, բնակվարձերի, բժշկական ծառայությունների, զանազան մանր ֆինանսական ծառայությունների փոխհատուցում, միջոցառումների կազմակերպում, գյուղտեխնիկայի տրամադրմանն աջակցություն:
ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկեց աջակցել գերազանց սովորող սիրիահայ ուսանողների աշխատանքի տեղավորմանը:
«Save the children» կազմակերպության պատասխանատու Սիրանուշ Վարդանյանը խոսեց 2014թ.-ից կազմակերպության կողմից իրականացված՝ սիրիահայերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին: Կազմակերպվել են արագ ինտեգրմանը, աշխատանքի տեղավորմանը, բիզնես-պլանի մշակմանը վերաբերող սեմինարներ: Կազմակերպության ֆինանսավորմամբ վերանորոգվել են մայրաքաղաքի մի քանի նախակրթարանները, որտեղ սիրիահայ մանուկներ են հաճախում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանն անդրադարձավ 2014թ. հունվարից փաստաբանների պալատի կողմից սիրիահայերին մատուցված իրավաբանական աջակցությանը, որն ընթացել է 2 փուլով՝ խորհրդատվություն և ամփոփում: Զ.Մեղրյանը նշեց, որ պատրաստվել է հարցաթերթիկ, որը կօգնի պարզել, թե որքանով է արդյունավետ իրականացված խորհրդատվությունը:
Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը բոլոր գերատեսչությունների և պատկան կառույցների ներկայացուցիչներին կոչ արեց առավել հոգատարությամբ և առաջանահերթ անդրադառնալ յուրաքանչյուր սիրիահայի խնդրին:
Սփյուռքի նախարարություն