Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Սեպտեմբերի 21-ը միայն տգետները կարող են կոչել անկախության օր» (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 16:48

«Իմ ամբողջ կյանքի ժամանակ չի հանդիպել մի մարդ, որ չհամաձայնի ինձ հետ, որ սա ինքնորոշման օրն է՝ ոչ թե անկախության օր: Եթե անկախության օրվա մասին ենք խոսում, ապա 1919 թվականին Հայաստանի պառլամենտը որոշել է Հայաստանի անկախության օրը մայիսի 28 է»,-այսօր, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպես ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ այդպիսի որոշում ունեցող ազգը չէր կարող եւս մեկ անգամ անկախության օր ստեղծել. «Չի կարող քո որեւէ ազգային պետական տոն ավելի վաղ լինել, քան անկախության տոնը, եւ ի վերջո անկախության հռչակագրի ընդունումը 1990 թվականին նախորդել է այս խնդրին եւ եթե նախորդել է, ապա մենք կարող էինք անկախության վերականգնման օր ունենալ օգոստոսի 23-ը, իսկ սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը ընդամենը «այո» է ասել, հետեւաբար սա մեր ժողովրդի ինքնորոշման օրն է»:

Ըստ պարոն Հայրիկյանի՝ այս սխալը որքան ավելի շուտ լուծենք, այնքան ավելի շահեկան վիճակում կլինենք. «Բոլորս գիտենք, որ ճշմարտությունից ավելի շահեկան որեւէ բան չի կարող լինել: Անունները ոչ միայն երեւույթի ճիշտ գնահատումն են, այլ նաեւ ուղեցույց ավելի խոր հեռագնա եզրակացությունների համար»:

ԱԻՄ առաջնորդը սեպտեմբերի 21-ը, որպես անկախության օր նշողների մասին ասաց, որ միայն տգետները կարող են կոչել անկախության օր.  «Ինձ միշտ թվացել էր, որ տգետ ձեւանալը դժվար բան է, մեկ օր կարող ես տգետ ձեւանալ, 2 օր, 3 օր, բայց պարզվում է, որ մարդիկ կան տասնամյակներով կարող են իրենց ապուշի տեղ դնել, որովհետեւ հանրությանը ապուշացնելը իրենց հիմնական խնդիրն է, որի համար նախ պետք է դու լավ ապուշ ձեւանաս եւ հետո նոր առաջ գնաս: Նա, ով ասում է, որ անկախության հանրաքվեի օրը անկախության օրն է՝ նա պարզապես ապուշ է: Թող ներողամիտ լինեն՝ 20 տարի նույն բանը կրկնելուց հետո, այլ գնահատական չեմ տալիս»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ժողովուրդը եւ իր գաղափարակիցները 1988 թվականի մայիսի 28-ին անկախության օր են նշել, եւ  որ դրանից 3 տարի հետո անկախության օրը, երբ եռագույն է պարզվել՝ մոռանալ եւ անկախության հանրաքվեի օրը, ազգի ինքնորոշման օրը՝ ազդարարել անկախության օր. «Այսինքն` չէ՞ որ դու պղծում ես շատ բաներ. 3 տարի առաջ քո կողմից, ազգի կողմից նվիրական կերպար ճանաչված Մովսեսի անունը: Եթե նա մայիսի 28-ին՝ քո ազգային հերոսը՝ դրոշ է բարձրացրել եւ ասել է՝ այսօր մեր անկախության օրն է, դու ասում ես՝ էն ազգային հերոսը հեչ, մեզ այսպես ավելի է հարմար, սա կոչենք անկախության օր»:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ պետք է ճշմարտությանը հավատարիմ լինենք, քանի որ դա նշանակում է հաջողություն, առաջընթաց. «Սուտ ճանապարհով գնացողը, սուտ ճանապարհ ցույց տվողը տեղ կհասնի՝ չի հասնի: Պետք է ամեն քայլափոխի մտածես՝ ոչ թե ի՞նչն է շահեկան, այլ, որն է ճիշտը, որովհետեւ ամենաշահեկանը ի վերջո՝ ճիշտն է»:

Պարոն Հայրիկյանը նշեց, որ Գորբաչովը, ԿԳԲ-ն հիմարներ չեն եղել, նրանք շատ լավ հասկացել են, որ ամբողջ Սովետական Միության մեջ ով է ամենավտանգավորը եւ դրա համար բոլորին բանտերից ազատել են, իսկ Պարույր Հայրիկյանին արտաքսել. «Որպեսզի նրանք, ովքեր գործից տեղյակ չեն, կամ կառավարելի են նրանց հետ շարունակեն իրենց աշխատանքները»,-նշեց պարոն Հայրիկյանը:

 

Անուշ Մաթեւոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930